Հասկացանք՝ հանրությունը պատրաստ չէ, վերանայում ենք, շատ բան կփոփոխվի․ Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար․ ՀԺ

ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց հանրային բուռն քննարկում․ քննադատությունների թիրախում է հատկապես Գրականություն առարկայի նախագիծը։ «Հայկական ժամանակ»-ի հարցերին այսօր համաձայնեց պատասխանել այս առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը։

Տիկի՛ն Ալեքսանյան, առաջին հարցը, որ հնչեցնում են մասնագետներն ու հանրությունը․ ինչո՞ւ է Հայ գրականությունը դարձել ուղղակի Գրականություն։

Հայ գրականությունը համաշխարհային գրականության մասն է, մի շատ կարեւոր մասը, եւ մենք նախատեսել ենք նաեւ համաշխարհային գրականության մեծություններին: Իսկ ո՞նց անենք. Շեքսպիրին ո՞նց դնենք Հայ գրականության տակ։ Գրականությունն ավելի ընդարձակ է եւ հնարավորություն է տալիս ուսուցչին ազատ լինել։ Մենք այստեղ նաեւ շեշտադրում ենք ուսուցչի ազատությունը, որ ինքը, իր սովորողների տարիքային առանձնահատկություններով առաջնորդվելով, ընտրի գործեր եւ դրանք ուսումնասիրի իր աշակերտների հետ միասին։

Անշո՛ւշտ, համաշխարհային գրականությունը գոհարներ ունի, որ լավ կլիներ՝ ամեն ոք իմանար, սակայն հիմա դա, փաստորեն, արվում է հայ հեղինակների գործերի հաշվին: Դիտարկվե՞լ է համաշխարհային գրականությունն առանձին անցնելու հնարավորությունը, ինչպես, օրինակ, համաշխարհային պատմությունն է առանձին առարկա։

Ճիշտն ասած՝ չի դիտարկվել, քանի որ մենք կունենայինք ժամի խնդիր։

Այստեղ ուսուցչին առաջարկվում է ընտրել, օրինակ, «Քաջ Նազար», «Հին աստվածներ» կամ «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունների միջեւ, ինչպե՞ս է կայացվել նման ընտրության առաջ ուսուցչին կանգնեցնելու որոշում․ եթե լիներ մեկ հեղինակից երեք սիրերգ, ուսուցիչը կընտրեր մեկը, երեխան կստանար սիրերգի մասին պատկերացում այդ ստեղծագործության միջոցով, բայց հիմա առաջարկվում են այսքան տարբեր հեղինակներ, ոճեր։

Դա հիմա վերանայվում է։ Այս առումով բավական շատ դիտարկումներ եղան, եւ մենք հասկացանք, որ մեր հանրությունը դրան պատրաստ չէ, հատկապես՝ ուսուցչությունը։ Մենք մի քիչ փոխել ենք մեր մոտեցումը առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա։ Բայց ասեմ՝ այստեղ կարեւորը հեղինակը չէ, այլ ստեղծագործությունը, եւ այն, թե ինչ է տալիս այդ ստեղծագործությունը սովորողին, ինչ է սովորեցնում, ինչ է դաստիարակում։ Մենք գնացել ենք սրա՛ հետեւից եւ ոչ թե հեղինակի։ Իսկ նշված բոլոր ստեղծագործությունները մտնում են դրամատիկական սեռի մեջ, այսինքն՝ այս դեպքում դիտարկում ենք կատակերգությունը, դիցապատմական ողբերգությունը եւ դրաման այս սեռի մեջ, բայց կրկնեմ, որ մոտեցումը փոխվում է, եւ ուսուցչի ընտրությունը մի քիչ այլ ձեւով է տրվելու։ Սա դեռ խիստ սեւագիր տարբերակ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում