«Ազգային արժեքը գրականության դասագրքի վրա գրված «հայ» բառով չի որոշվում, նույն դասագրքի մատուցած տեքստով է որոշվում»․ գրականագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է գրականագետ Հասմիկ Հակոբյանը

– Վերջին օրերի բուռն քննարկման թեմաներից է ԿԳՄՍ նախարարության կողմից Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։ Ձեր կարծիքը այս հայեցակարգի վերաբերյալ։

– Ցանկացած նոր բան դժվարությամբ ենք ընդունում։ Սա փորձ է, քննարկման կարիք կա։ Ցավոք, որոշակի ուժեր կան, որոնք ցանկացած թեմա մանիպուլացնում են, և այդ ֆոնին իրական մտահոգությունները դիտարկվում են որպես իրենց աջակցություն, ու երբ մտահոգություն ունես, չես ուզում հայտնել։

Մեր հանրությունը, ուսուցիչները միշտ պահանջում էին, որ նոր չափորոշիչներով դասագիրք գրվի, ծրագրերը փոխվեն։ Հիմա էլ փոփոխություն են արել, որոշ տեղեր շատ են սեղմել։ Կարծում եմ, որ վերականգնելու են մյուս հեղինակներին, որոնք հանվել են՝ պատմիչները, Նարեկացին և մյուսները։

Ինձ համար անսովոր է ժանրային բաժանումով, առանց ժամանակաշրջանի դասդասումը, խառն է։ Տեքստերի ընտրության հարցում թափթփվածություն եմ նաև նկատում։ Շատ երկար չեն փնտրել, ինչ ձեռքի տակ եղել է՝ դրել են, չեն գնացել փնտրել՝ ուրիշ ինչ ունի տվյալ հեղինակը, որ, օրինակ՝ դպրոցականի համար ավելի ճիշտ պատմվածք է։

Անհրաժեշտ է, որ խոսեն նախարարությունը, չափորոշիչ գրողները․ երկխոսություն պետք է տեղի ունենա մասնագետների, համալսարանական, մանկավարժական կադրեր պատրաստող կառույցների միջև։

Հանրային մեկնաբանություններ պետք է տրվեն, ուսուցիչների հետ պետք է խոսեն, որ հասկանան՝ ինչ են մատուցելու, չշփոթվեն։ 

Երկխոսելու բացը կա, դրա համար Ֆեյսբուքում քննարկումների մակարդակով է գնացել։

– Իսկ ի՞նչ կարևոր կետեր կային հայեցակարգում, որոնք կառանձնացնեիք։

– Ես շատ ուրախ եմ ժամանակակից հեղինակների ներկայությամբ։
Այս օրերին այս թեման ևս շատ քննարկվում է:

10 տարուց ավելի է՝ մենք ամբողջ գրական սերնդով ու դաշտով պայքարել ենք, որ ժամանակակից հայ հեղինակները լինեն դպրոցական դասագրքերում։

Մեր 30 տարվա անկախության գրականության պատմությունը ինչո՞ւ չպիտի լինի դասագրքերում։ Ինչո՞ւ Արցախյան պատերազմի մասին պատմող գրականությունը, Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ»-ը չպետք է լինեն դասագրքում, մենք հաղթանակ ենք ունեցել, անկախություն ենք ունեցել, սոցիալական ծանր վիճակի մեջ ենք եղել, այդ ամեն ինչը մինչև այս ոչ մի բառով մեր գրականության դասագրքերում ներկայացված չի եղել։

Ժամանակակից գրողների դեպքում մենք կարող ենք առաջարկել այն գրողներին, որոնք պետք է լինեն, կամ գուցե ավելի մեծ ցանկ առաջարկենք, ուսուցիչն ընտրի, կամընտրական հիմունքներով որոշի՝ անցնում են Արմեն Օհանյա՞ն, թե՞ Արամ Պաչյան, թե՞ ուզում են կարդալ Հրաչ Սարիբեկյան։

– Մենք տեսանք, որ քննադատության թիրախում հայտնվել էին հենց ժամանակակից գրողները։ Ինչո՞ւ։

– «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում ես դպրոցներում եմ եղել, գիտեմ, որ դպրոցն առհասարակ ժամանակակից արվեստը ընկալելու մեծ բաց ունի, չեն ընկալում ժամանակակից երաժշտությունը, քանդակը, կերպարվեստը, այն, ինչը ժամանակակից է, այն, ինչը քաոսի վրա է ստեղծված և ոչ թե ներդաշնակության։

Երբ կարդում ես Վահան Տերյանի բանաստեղծությունները, քո ականջին շատ հարմոնիկ է լսվում, փոխարենը կարդում ես Հովհաննես Գրիգորյանի մի բանաստեղծություն, կան լիրիկական տարրեր, բայց հանկարծ զգում ես՝ փողոցային աղմուկ հայտնվեց մեջը, Տերյանի բանաստեղծության մեջ, բնականաբար, փողոցի մեքենայի ձայն չկա, այ էս առօրյայից եկող աղմուկները ժամանակից արվեստի մեջ դժվար հասանելի են մեր ականջին դարձնում պոեզիան։ Մենք ուղղակի սովոր չենք լսել։

Ինձ համար գերակա են ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Բնականաբար, Հյուգոյի վեպերը, Ֆլոբերի կամ Բալզակի ստեղծագործություններն իմ ժամանակի մարդկանց մտահոգությունների մասին չեն, մենք ուրիշ մտահագություններ ունենք, դրա համար, օրինակ՝ Ֆիլիպ Ռոթի հերոսն ինձ ավելի հոգեհարազատ է։

– Մեր դպրոցը պատրա՞ստ է նման հայեցակարգի շրջանակում աշխատելու։ 

– Պետք է վերապատրաստելուն ուղղված քայլեր լինեն։ Ուսուցիչները պետք է վերապատրաստվեն։ Համալսարաններն ու մանկավարժական ամբիոնները ավելի պատրաստող ծրագրեր պետք է առաջարկեն, բայց իրենք դրել են, դրա դեմ են պայքարում։ Աջակցելու փոխարեն պայքարում են դրա դեմ։

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում, երբ շփվեցի ուսուցիչների և աշակերտների հետ, տեսա, որ նրանք հակված են սովորելու։ Երբ բացատրվում է էդ գրականությունը, իրենց համար հասկանալի է դառնում, լավ էլ հասկանում են։

Շատ կարևոր է, որ դասերը քննարկումային որակի վրա կառուցված լինեն, որ երեխաները կարողանան գրական գործը կարդալ, քննարկել, ոչ թե արտասանել, պատմել հեղինակի կենսագրությունը։ Պետք է մտածելու հնարավորություն տանք երեխեքին։ Իսկ գիտենք, որ մեր դասագրքերով անգիրից ու հեղինակների կենսագրություններից բացի ոչինչ չենք կարողացել անել։

– Հայեցակարգի քննադատություններից մեկն էլ այն էր, որ առարկան «Հայ գրականության» փոխարեն «Գրականություն» էր լինելու։

– Եթե գրականության տարբեր տեքստեր են դրվել, ընդհանուր գրական համապատկերում է ներկայացված, չի կարող հայ գրականություն կոչվել։ Ինչ վերաբերում է, որ դրանով վնասում ենք, ես չեմ կարծում, որ վնասում ենք, որովհետև վերջին հաշվով ազգային արժեքը գրականության դասագրքի վրա գրված «հայ» բառով չի որոշվում, նույն դասագրքի մատուցած տեքստով է որոշվում։ Կարծում եմ, որ ազգայինը մարդուն պետք է ներարկել գրականության ու տեքստի միջոցով։

Մենք ունենք մի խոսույթ, որ մեր երեխեքին ուրիշ հայրենասիրություն, հայի կերպար ենք ներկայացնում, բայց իրականության մեջ մենք ուրիշ ենք ապրել, երեխան մի բան է լսել դպրոցում, գնացել է դպրոցից, ուրիշ իրականություն է տեսել։

Մի դպրոցում հանդիպեցի տնօրենի, որը շատ ճիշտ դիրքորոշումով ասեց, որ չպետք է ասենք՝ միայն գնանք, պայքարենք, թուր վերցնենք, զոհվենք: Մոտավորապես էս կոնտեքստն է, չէ՞, գուցե դիվանագիտորեն կարողանանք մեծ հաջողությունների հասնել, որ հերթը դրան չհասնի, մենք այդ խոսվածքները պիտի տանենք, դպրոցին մոտեցնենք, մեր դիվանագիտական հաղթանակների, մշակութային հաղթանակների մասին էլ պիտի խոսենք, երկու իրականություններն էլ մոտեցնենք, որ իրարից տարբեր չլինեն։

– Ի վերջո, ո՞րն է գրականության խնդիրը։ Ի՞նչ պետք է տա աշակերտին։

– Գրակականությունը խնդրի առումով, որ ինչ-որ բան պիտի սովորեցնի, խորհրդային երկրից եկող մտահոգություն է եղել, որովհետև Սովետն է դրել, ինչ պիտի տա գրականությունը, իր ամբողջ գաղափարախոսությունը դրա վրա է հիմնված եղել, ու մենք իրականում դրա կրողն ենք։

Գրականությունը կոնկրետ որևէ բան չպիտի սովորեցնի երեխային, գրականութունը պետք է օգնի մարդուն լինել լավը, ինքնաճանաչողության պիտի մղի, պիտի օգնի քեզ թարգմանված զգաս, ինքդ քեզ հասկացված զգաս, ինքնաճանաչողության մեջ սեփական դրական ու բացասական կողմերը տեսնել, և բացասականը ի հաշիվ դրականի ճնշելը, որ չվնասես։ Ցանկացած մարդու մեջ երկուսն էլ կան, էդ զսպվածությունը պիտի դաստիարակի։ Թե գրողը դրան ոնց կհասնի, դա պրոֆեսիոնալիզմի արդյունք է։

Հնարավոր է, որ նկարագրվեն շատ վատ բաներ, բայց վերջնարդյունքը լինի այն, որ մարդը, Արիստոտելի ասած՝ կատարսիս ապրելով գնա ու շատ լավը դառնա։

Օրինակ՝ Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» ամբողջը վատ բան է նկարագրում, բայց վերջում դու ավելի լավն ես դառնում։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am