Սարսափելի է, երբ վաստակով, կոչումներով, պաշտոններով գիտության մարդիկ իրենց նախկին աշակերտին և երիտասարդ կոլեգային «հանձնում են» ԱԱԾ-ին․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց պատմություն և հարակից առարկաների չափոփրփշիչների շուրջ քննարկումներին, դրանց հեղինակներին ուղղված քննադատություններին․

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է: Սարսափելի է, երբ գիտության մարդիկ, վաստակով, կոչումներով, պաշտոններով, անարգանքի սյունին են գամել գիտության մեջ նոր մտած երիտասարդին, և նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, հայրենիքի դավաճանության մեջ:

Սարսափելի է, երբ գիտական վաստակ, կոչումներ, պաշտոններ ունեցող մարդիկ իրենց նախկին աշակերտի և երիտասարդ կոլեգայի հետ զրուցելու, նրան իրենց կարծիքը և մոտեցումը, կյանքի և գիտական փորձը հաղորդելու փոխարեն դատավորի կեցվածքով մեղադրում են հանցագործության մեջ:

Սարսափելի է, երբ երկու, երեք, չորս տարի առաջ հրատարակված աշխատանքը հայտարարվում է «թաքուն պահված»: Թաքուն պահվածը 1934թ.-ին Չարենցի Պատգամն էր, որում Չարենցը իր հայտնի «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է» պատգամը գրել էր մեզաստիքոսի ձևով՝ գաղտնագրելով ՆԳԺԿ-ի ամենատես աչքից: 1636-ին Խաչիկ Դաշտենցին իր գրող ընկերները մեղադրեցին Մասիս սարի անունը գրելու մեջ, իսկ Սողոմոն Տարոնցուն՝ որդու անունը Սասուն դնելու մեջ՝ դրա վրա հրավիրելով ՆԳԺԿ-ի ուշադրությունը:

Սարսափելի է, երբ վաստակով, կոչումներով, պաշտոններով գիտության մարդիկ իրենց նախկին աշակերտին և երիտասարդ կոլեգային «հանձնում են» ԱԱԾ-ին միայն նրա համար, որ «այնպես չի գրել», «այն չի գրել», «նրա հետ չի գրել», ինչպես, ինչ և ում հետ, իրենց կարծիքով, պիտի գրեր: Այդ ամենը խաղաղ, բարյացկամ և գիտական փաստարկներով որևէ տեղ քննարկվե՞լ է իրենց երիտասարդ կոլեգայի հետ:
Սարսափելի է, որ գիտության խնդիրների լուծումը՝ ինչ պիտի գրվի, ինչպես պիտի գրվի, ինչ չպիտի գրվի, հենց գիտնականները հանձնում են ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն է՞, որ պիտի գիտության համար որոշումներ կայացնի: Էլ ու՞մ, ինչի՞ համար են գիտական բազմաթիվ ինստիտուտները, ամբիոնները, բաժինները:
Սարսափելի է, երբ վաստակով, կոչումներով, պաշտոններով գիտության մարդիկ այս ամենը չարած հանրային ասուլիս են հրավիրում և հասարակության քաղաքականացված չարախնդությանն ու ծամելիքին են հանձնում իրենց նախկին աշակերտին և երիտասարդ կոլեգային:

Սարսափելի է նաև այս ամենի հետ թվացյալ կապ չունեցող, բայց իրականում բոլոր թելերով միմյանց կապված մեր իրականությունում այն, ինչ հենց այս պահին կատարվում է Ամուլսարում: Այնտեղ էլ ուրիշ մարդիկ են, ովքեր փորձում են իրենց հասկացած ձևով պաշտպանել մեր հայրենիքի մի կարևոր պատառիկը, բայց մեր հայրենիքի ուրիշները նրանց են սխալ համարում և կոշտ միջոցներ են կիրառում նրանց նկատմամբ:

Ի՞նչ է մոլեգնում Հայաստանում: Այս ամենը շատ քիչ է հիշեցնում հայկական քաղաքակրթությունը, որի պաշտպանը ողջ Հայաստանն է, բայց որը ծայրաստիճան ոտնահարվում է:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է: Սարսափելի է, երբ գիտության մարդիկ, վաստակով, կոչումներով,…

Posted by Hranush Kharatyan on Tuesday, August 4, 2020