ՇՎՏՄ ներկայացուցիչները Աբովյան քաղաքում էին. արձանագրվել են խախտումներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։