«Սերժ Սարգսյանին, փեսային, մյուսներին պետք է կանչեն հարց տան՝ ձեր հարստությունը հարյուրապատիկ ավելի է, քան կարող էիք ստանալ, բացատրեք որտեղի՞ց». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

– Պարո՛ն Պապյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսում ասել է, որ բանակում կոռուպցիան վերջնական չի վերացել։ Ինչի՞ հետևանք եք սա համարում, ի՞նչ իրավիճակ է ձեր կարծիքով։

– Բնական է, իրատեսական չէր ակնկալել, որ կոռուպցիան միանգամից կվերջանար։ Դրա համար, երբ հեղափոխությունից օրեր անց ասում էին՝ մենք մեկ օրվա մեջ կոռուպցիան վերացրեցինք, դա ավելի շատ հումորի ժանրից էր, որովհետև կոռուպցիան բազմաշերտ, բազմաթիվ գործոններով պայմանավորված երևույթ է, այդքան հեշտ չէ այն վերացնելը։ Առավել ևս բանակում է դա դժվար, որովհետև բանակը թափանցիկ կառույց չէ։

Էլ չեմ ասում, որ որևէ մեկը պատրաստ չէ որևէ ցուցմունք տալ, որովհետև նախ՝ մթնոլորտի խնդիր կա, դա այնտեղ դիտարկվում է որպես «գործ տվող»։ Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե որևէ մեկը բարձրաձայնի խնդիրների մասին, հետո ինքը տարբեր ղեկավարների կողմից ենթարկվելու է հալածանքների։ Բայց լավն այն է, որ քաղաքական ղեկավարությունն ունի քաղաքական կամք՝ դրա դեմ պայքարելու։ Կարծում եմ՝ այն գեներալները, որոնք միլիոնավոր դոլարներ էին բանակից յուրացնում, գոնե դա այսօր չկա։

– Անդրադառնալով այդ միլիոնավոր դոլարների հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը և մյուսները պետք է պատասխան տան, թե ինչպես է եղել, որ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չի ունեցել, իսկ պաշտոնյաներն ու իրենց ընտանիքի անդամները միլիոններ են կուտակել։ Հեղափոխությունից անցել է մեկ տարի, բայց այդ նույն հարստացած գեներալների պատիժը չենք տեսնել, ո՞րն է պատճառը։ Բանակի հետ կապված խոշոր կոռուպցիոն գործեր չեն բացահայտվել։

– Կարծում եմ՝ պատճառը սխալ սկզբունքների կիրառումն է, որովհետև փորձ է արվում նման հարցերը լուծել միայն Քրեական օրենսգրքով։ Եվ դիտարկվում է՝ արդյոք սա օրենքի խախտո՞ւմ է, և ինչպե՞ս պետք է դրան մոտենալ։ Ես կարդում էի, թե ինչպես են ԱՄՆ նախագահ Թրամփի որդուն հրավիրել խորհրդարանական հանձնաժողով և հարցեր տվել Ռուսաստանում ինչ-որ շինարարության մեջ մասնակցելու համար։ Ես վստահ եմ, որ Թրամփի տղայի մոտ թղթով ամեն ինչ մաքուր է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը հենց դա է, միայն քրեականը չէ։

Այսինքն՝ նույն Սերժ Սարգսյանին, իր փեսային և մյուսներին պետք է կանչեն ու հարց տան՝ ձեր բոլորի աշխատավարձը միասին իքս գումար է, բայց ձեր հայտարարագրած հարստությունը հարյուրապատիկ ավելի է, քան տեսականորեն դուք կարող էիք ստանալ։ Պետք է ասել՝ բացատրեք որտեղի՞ց։ Այսինքն՝ սկզբունքը պետք է փոխվի, ոչ թե դու պետք է ապացուցես, որ այն, ինչ ինքն ունի, անօրինական է, այլ ինքը պետք է ապացուցի, թե որտեղից է։ Թող հիմնավորեն, թե որտեղից իրենց այդ գումարը։ Ինձ այնքան չի հուզում այն, որ մեկին բռնում են 170 հազար դրամ կաշառք վերցնելու համար, որովհետև, իմ պատկերացմամբ, ցավոք, մեր երկրում կա նաև սոցիալական կաշառակերություն։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Սոցիալական կաշառակերությունն այն է, երբ մարդ առանց այդ կաշառքը վերցնելու պարզապես չի կարող ապրել։ Դա ահավոր երևույթ է։ Մենք մեր երկրում ունենք աշխատող աղքատներ, մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց աղքատ են։

– Այդ հարցին անդրադառնալով վարչապետն ասել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը ճիշտ է, որպեսզի նրանք պատշաճ ծառայություն մատուցեն հանրությանը և զերծ մնան կոռուպցիայից։ Անհրաժեշտությո՞ւն է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։

– Ո՛չ, ընդհակառակը, պաշտոնյաներն ամենաբարձր աշխատավարձն են ստանում։ Եվ ես չեմ կարծում, որ հենց նրանցից պետք է սկսվի աշխատավարձերի բարձրացումը։ Ես կարծում եմ, որ պետք է սկսել ամենախոցելի խավերից, այսինքն՝ ամենացածր աշխատավարձ ստացողներից։ Եթե որևէ պաշտոնյա 400-500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, գուցե ինքը կակնկալեր ավելին, բայց եթե դեռ 80-100 հազար դրամ ստացողներ կան, պետք է նրանց աշխատավարձերը բարձրացվեն։ Երևանի քաղաքապետն ասում է՝ շատ մեծ գործեր են արվել։

Չգիտեմ՝ ինքն ինչ նկատի ունի, բայց ես Երևանի կենտրոնում եմ բնակվում, հիմա իմ պատուհանից նայում եմ և տեսնում եմ աղբի կույտերը։ Դրա լավը ո՞րն է։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք այն աշխատավարձային համակարգը, որը կար շատ երկրներում, մասնավորապես, ցարական Ռուսաստանում։

Դա հետևյալն է՝ ամեն պաշտոն ուներ իր համապատասխանությունը, և ըստ կատեգորիաների էին վճարվում։ Եվ եթե ինչ-որ մեկի աշխատավարձը պետք է բարձրանար, չէին կարող դա մասնավոր անել, մյուսներինը ևս պետք է բարձրանար։ Այդ համակարգն այսօր գործում է նաև դեսպանատներում։

Եթե որևէ դեսպան լոբբինգ անի, որ իր աշխատավարձը պետք է բարձրանա, ինչպես քաղաքապետն է անում, մյուսներինն էլ պետք է բարձրանա։ Եվ դա ճիշտ է։ Քաղաքապետարանի ենթակայությամբ կան դպրոցներ ու պոլիկլինիկաներ, որտեղ 60-70 hազար դրամ աշխատավարձ ստացող կա։

Եվ այդ ֆոնին վարչության պետերը բողոքում են, ասում՝ 400 հազարը քիչ է, բա մյուսներն ի՞նչ անեն։ Այսինքն՝ հարցը հետևյալն է՝ մենք սոցիալական արդարության հարց պետք է լուծենք, դրա համար պետք է սկսենք սոցիալապես ամենախոցելի խավերից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am