Հայաստանը «AsrtaZeneca» պատվաստանյութը գնում է մեկ դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
««AsrtaZeneca» պատվաստանյութի գինը շատ բարձր է, միջազգային շուկայում գինը հասնում է մինչև 25 ԱՄՆ դոլարի: Մենք այն ձեռք ենք բերել COVAX Facility նախաձեռնության շրջանակներում, ինչի շնորհիվ մեկ դեղաչափի համար վճարում ենք 4,5 ԱՄՆ դոլար: Մեր երկրի համար սա բավականին մատչելի գին է»,- նշեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ պատվաստում ստանալու համար նախնական փուլում կարևոր է 4 ռիսկի խումբ, երկրորդ փուլում պատվաստումներն ավելի կընդլայնվեն:
«Երեկ ստացել ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակը, այսօր արդեն ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Մինչև շաբաթվա վերջ, պատվաստանյութը կհասցվի մինչև հեռավոր գյուղեր:
2021 թվականի մարտի 28-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: