Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը, որ մեղադրվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում մասնակցելուն հարկադրելու համար, կվերցնի պատգամավորական մանդատը և գործունեություն կծավալի խորհրդարանում: Այդ մասին քիչ առաջ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարեց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

Չարչյանը, հիշեցնենք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր, որին մեղադրանք է առաջադրվել Հ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների հետ Չարչյանի գլխավորությամբ ժողովի ձայնագրությունից մի հատված։ Դրա հիման վրա ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Չարչյանն իր աշխատակիցներին սպառնացել է, որ եթե քվեարկեն գործող իշխանությունների օգտին, արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի»։ Ձայնագրությունում Չարչյանը նաև զգուշացրել էր՝ ով չկատարի իր խնդրանքը, կարժանանա կոշտ վերաբերմունքի և հիշեցրել՝ հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինս չի ուզում, որ իշխանության գա Նիկոլ Փաշինյանի թիմը։

Շուրջ մեկամսյա կալանքից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, և «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվեց նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Փաստաբանները փոխանցեցին, որ Չարչյանի տրամադրությունը «ընտիր է», և նա, գրավը մուծելուց հետո ազատ կարձակվի: