Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:

Նախագահ Սարգսյանը և Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաև հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։