Ավարտվել է 73-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչը 2019թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում իրականացնելով իր կողմից վարած «Մերսեդես Բենս 190Ե» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ խախտելով տվյալ  ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված թույլատրելի արագությունը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից  սկսած ժամանակին չի դիմել արգելակման, ինչի արդյունքում բախվել է շրջադարձ կատարող վերոնշյալ գյուղի 73-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես Բենս Ց180» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում՝ 35-ամյա տղամարդը, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, Սարդարապատ գյուղի 73-ամյա բնակչին անզգուշությամբ պատճառել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։