Մարդկանց փչացնել, անունը վարկաբեկել՝ դա նրանց` Քոչարյանի թիմի գործելաոճն է. Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը

– Տիկի՛ն Մնացականյան, մշակույթի գործիչների անունից տարածվեց հայտարարություն, որով նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակել նրան։ Այնուհետև այդ գործիչներից ոմանք հրաժարվեցին, որ նման հայտարարության տակ ստորագրել են։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է կատարվում։

– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչպե՛ս են նրանց դիմել։ Ես չեմ կարող ասել՝ ինչպես են կապվել նրանց հետ՝ հեռախոսո՞վ, թե՞ այլ մեթոդ են գործի դրել, ինչպես է կատարվել այդ ամենը։

– Դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ նրանց զանգել ու հարցրել են՝ դեմ կլինե՞ք, եթե Քոչարյանը Ամանորն անցկացնի տանը՝ թոռների հետ։ Նրանցից ոմանք էլ, մարդասիրությունից ելնելով, ասել են, որ դեմ չեն լինի։

– Վայ, իհարկե, այնտեղ մարդիկ կլինեն, որ կասեն՝ հա, թող Նոր տարին անցկացնի տանը։ Ես պարզապես չգիտեմ, թե այդ մարդկանց ինչպես են դիմել, որովհետև այնտեղ մարդիկ կային, ովքեր դա չէին անի։ Ես այստեղ մի վատ միտում եմ տեսնում, որ մշակույթի գործիչներին, մարդկանց, մեր ընկերներին մեր դեմ են հանում, հիմա էլ մեզ են պառակտում։ Բնական է, որ ինձ երբեք չեն զանգի, այդպիսի բան չեն ասի, բայց եթե նրանց զանգել են, ես չգիտեմ՝ ի՛նչ հարց են տվել, ինչպե՛ս են ձևակերպել այդ հարցը։ Նրանք ստորագրություն չեն դրել։ 

Նրանց թվում իմ լավ ընկերներն են, շատ լավ մասնագետներ կան, այսպես թացը չորին խառնել չի կարելի։ Հիմա էլ մե՞զ են պառակտում, ինչ են անում։ Եվ սա, իհարկե, Քոչարյանի թիմն է անում։ Ամեն դեպքում ես հակված չեմ մտածելու, որ այնտեղից շատ-շատերը ստորագրել ու համաձայնություն են տվել։

– Ինչո՞ւ են այս փուլում որոշել օգտագործել մշակույթի գործիչներին։

– Մարդկանց փչացնել, անունը վարկաբեկել՝ դա նրանց` Քոչարյանի թիմի,  գործելաոճն է։ Չէ՞ որ այդ ցուցակում շատ մարդիկ կան, որոնց ժողովուրդը սիրում է, որոնք հեղինակություն ունեն։ Մարդիկ սկսում են հիասթափվել, նրանք ասում են՝ ո՞նց, այսինքն՝ այդ մարդիկ մեզ հե՞տ չեն։ Չէ՛, այդ մարդիկ ձեզ հետ են, մի՛ մտածեք։

Այսօր այսպիսի մի միտում կա, երբ հասարակությունն սկսում է պառակտվել, այստեղ հարց է բարձրանում՝ բա ովքե՞ր են դատելու։ Եթե դուք փչացած եք, հաստատուն չեք, եթե ձեր մշակույթի գործիչներն անգամ իրենք իրար մեջ հաշտ չեն, հասարակությունը հաշտ չէ, դուք ի՞նչ խնդիր կարող եք լուծել։

Հիմա շատ վտանգավոր ծրագիր է գործում՝ կռվեցնել հասարակության շերտերին իրար հետ։ Եթե դուք իրար հետ հաշտ չեք ու լավ չեք, բա դուք էլ ի՞նչ իրավունք ունեք դատելու, եթե դուք չեք հասկանում, թե ի՛նչ եք ուզում։ Սա շատ ավելի խոր արմատներ ունեցող երևույթ է։ Այսինքն՝ զբաղված են խառնելով, ժողովուրդն ասում է՝ բաժանիր, որ տիրես։

Նրանք հիմա խառնում են ընդհանուր կաթսան։ Նրանք հիմա մարդկանց անուններ են տալիս, ովքեր այն ժամանակ, այո՛, եղել են նրանց «սիրելիները», բայց դա չի նշանակում, թե նրանք այսօր մտածում են այնպես, ինչպես առաջ։ Հետո շատ-շատ մարդիկ այն ժամանակ չէին դիմանում այդ ճնշմանն ու գայթակղությանը, և դա նորմալ է։

Եթե ոմանք դիմացել են, անցել են այդ փորձության միջով, մյուսները չեն անցել, ի՞նչ անենք, բռնենք այդ մարդկանց քննադատենք։ Այդ մարդիկ հիմա արդեն այդպես չեն մտածում։

– Այդ հայտարարության մեջ նշվում էր, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը վատն է, չարության մթնոլորտ է։ 

– Տեսեք՝ ինչի՛ վրա են շեշտը դնում. մի երկիր, որտեղ բարոյահոգեբանական մթնոլորտը խարխլված է, չարություն է, ատեություն ու ագրեսիա, ո՞նց կարող է այդ հասարակությունն արդար որոշում կայացնել։ Նպատակը դա է, երբ ես տեքստն ընթերցեցի, հասկացա, ուղերձը սա է՝ դուք՝ չարացած, ագրեսիվ ու կատաղած մարդիկ, որոշում եք մարդկանց ճակատագրերը։ Տեսեք՝ ո՛ւր են տանում այս գիծը։

Ես չգիտեմ, թե էն Մոսկվայի գործիչներին զանգել ինչ են ասել։

– Ռուսաստանյան գործիչներն ընդհանրապես իրավունք ունե՞ն խառնվելու Հայաստանի ներքին հարցերին։

– Ո՛չ, իրավունք չունեն խառնվելու, կարող են միայն իրենց կարծիքը հայտնել։ Բայց դուք տեսեք՝ այստեղից այնտեղ էլ են կռվեցնում։ Նրանք հայությանը բաժանում են, և սա վտանգավոր միտում է։ Եթե մենք գլխի չընկնենք ու սկսենք մեր ընկերներին ու կոլեգաներին քարկոծել, ուրեմն «կուտը» կուտենք։ Չէ՛, դա քո՛ խաղի կանոններն են, իսկ մեր խաղի կանոններն են՝ չմասնակցել քո խաղի կանոններին։

– Իրականում ի՞նչ մթնոլորտ է երկրում այսօր։

– Իրականում ես չեմ կարող ասել, որ երկրում չարության մթնոլորտ է, բայց հիմա զգացմունքային ֆոնը լարված է։ Իսկ մենք շատ էմոցիոնալ ժողովուրդ ենք, ամեն ինչի շատ բուռն ենք արձագանքում։ Եվ նրանք էլ խաղում են մեր էմոցիաների վրա։ Մեզ մոտ սառը գլխով ու սթափ դատելը խնդիր է։

Եթե մենք կարողանանք շատ բան սթափ դատել, նրանց առաջարկած խաղի կանոններից դուրս կգանք, և լարված զգացմունքային ֆոնը կմեղմվի։ Մենք հիմա այնքան լարված ենք, որ ո՛չ լավը, ո՛չ վատը չենք նկատում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am