«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ»-ի գույքը հանձնվել է վարձակալության շուկայականից ցածր գներով, պետությանը պատճառվել է խոշոր վնաս․ Հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երեւան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ կադաստրի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից:

Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով 160․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երեւան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ եւ 6,3քմ մակերեսներով տարածքները: Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաեւ իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջեւ այն երկու անգամ երկարաձգվել է մինչեւ 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության։

Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 ՀՀ դրամից հասցնելով մինչեւ 425.000 ՀՀ դրամ:

Ենթավարձակալության պայմանագրերից հետեւում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչեւ 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն ՀՀ դրամի չափով, 2015թ․ մարտից մինչեւ 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն ՀՀ դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչեւ 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն ՀՀ դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչեւ 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․300․000 ՀՀ դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը 15․406․000 ՀՀ դրամի չափով վարձավճար։

Վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ եւ ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17․894․000 ՀՀ դրամով ավելի է, քան «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալն իրավունք ունի գույքը հանձնել ենթավարձակալության, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ իրավական ակտերով: Սակայն տվյալ դեպքում տարածքը ենթավարձակալության հանձնելու համար «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ին երբեք համաձայնության հարցում չի կատարվել, քանի որ կողմերի միջեւ կնքված պայմանագրով օրենքի պահանջների խախտմամբ սահմանվել է ենթավարձակալության հանձնում առանց վարձատուի գրավոր համաձայնության։

Պարզվել է նաեւ. որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, եւ 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին եւ չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։

Այսինքն «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9մլն ՀՀ դրամ էժան գնով եւ վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 ՀՀ դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանքներ։

Ուսումնասիրության արդյունքում նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։