ՊՆ-ում ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն օգոստոսի 26-ին ընդունել է  ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:

Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին  հայտնել է  ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգված նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է  ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: 

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։