Վանաձորի Քիմպրոմից գողություն կատարած անձը հայտնաբերվել է․ Տեսանյութ

Այս տարվա փետրվարի 21-ին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Լոռու մարզային քննչական վարչությունում:

Գողությունը կատարվել էր Վանաձորում: Փետրվարի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության մի արտադրամասից անհետացել էին էլեկտրական երկու շարժիչ ու մալուխներ: Պատճառվել էր ավելի քան 400 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողներն ու քննիչները առաջին օրերին պարզեցին, որ կատարվածը մի հոգու գործ չէր, որ մտել էին ընկերության արևմտյան դարպասից` հանելով փեղկերն ագուցող շղթան: Իրավապահների հետագա գործողություններն ուղղված էին կասկածյալների շրջանակը փոքրացնելուն:

Վերջապես, օրեր առաջ, ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վերոհիշյալ գողությունը կատարել են երկուսով` Վանաձորի 22-ամյա և Գուգարք գյուղի 26-ամյա երիտասարդներ:

Այս դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները դեռ շարունակվում են: Իսկ մինչ այդ պարզվել է, որ Գուգարք գյուղի 26-ամյա բնակիչը գողություններ է արել նաև անցած տարվա դեկտեմբերին: Մասնավորապես, Վանաձորի Միչուրինի փողոցի մի տան բակից տարել է երեք մարտկոց, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքից հափշտակել է գունավոր մետաղ պարունակող դետալներ:

Միջոցառումները շարունակվում են: