Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան

Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս իրենց թիկունքում տեսնեն զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող, մշակույթով ապրող թիկունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման իր ելույթում:

Փաշինյանը նշեց՝ այսօրվա բոլոր միջոցառումները նպատակ ունեն  գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, Բերդ խոշորացված  համայնքի հերոսական ժողովրդին: «Հուլիսյան հաղթական մարտերը իհարկե կերտել են մեր զինվորականները, բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ շատ կարևոր է ասել, որ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ հավաքականության, ինչ-որ հետևողականության արդյունք են»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Չինարի սահմանապահ համայնքում ՀՀ անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել:  Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն՝ կառավարության նախաձեռնությամբ, և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազամազավակ, տասը հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված: Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող  ճանապարհ:

«Ներքին Կարմիրաղբյուր գյուղը անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհը: Եվ հույս ունենանք, որ մինչև տարեվերջ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա մի ժամանակակից զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիրաղբյուրի մթնոլորտը: Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են և հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանք փոխում են բնակավայրի գույնը: Այս ամենը ոչ միայն տավուշցիների, այդ գյուղերի համար ենք անում: Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն առավել կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք և տեսնեն նաև մշակույթով ապրող թիկունք»,-ասաց վարչապետն ու հիշեցրեց համերգի խորագիրը՝ «Մշակույթը՝ թիկունք»:

Վարչապետը նշեց՝ այսօրվա շրջայցը պատկերում է համայնքներում, գյուղական բնակայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Չի հիշվում, թե դասական երաժշտության համերգ երբ է վերջին անգամ եղել Բերդում, բայց մենք ուզում ենք, որ այսպիսի համերգներ անընդհատ լինեն այստեղ: Մենք ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով, մենք ուզում ենք, որ Բերդում, տարբեր համայնքներում լինեն տոմսարկղեր և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, ունենան վճարունակությունը և վճարեն այս կարգի համերգներին ներկա գտնվելու համար»,-ասաց Փաշինյանը:

Բերդ խոշորացված համայնքի հայրենակիցներին դիմելով՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց: «Շնորհակալություն, որ այսպես ամուր պահում եք բանակի թիկունքը և այսպես ամուր պահում եք մեր երկրի սահմանը, առաջին հերթին՝ հոգեբանորեն, հոգեբանական սահմանը»,-ասաց Փաշինյանը: