Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրենքի նոր նախագիծ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։