«Չպետք է մոռանանք՝ եթե ժողովրդավարությունից շեղվենք, ԵՄ հետ վիզաների ազատականացում չենք ունենա». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, մարտի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Մարդկանց տեղաշարժի առումով ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս համաձայնագիրը Հայաստանի քաղաքացիների համար։ Մասնավորապես, վիզաների ազատականացման գործընթացը ե՞րբ կարող է արդյունք տալ։

– Վիզաների ազատականացման պայմանագիրը առանձին գործընթաց է ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված չէ։ Հայաստանը վաղուց է ԵՄ-ի հետ ստորագրել և՛ վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման, և՛ ռեադմիսիայի համաձայնագրերը։ 

Այդ պայմանագրերն ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից։ Պարզ է, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և՛ վիզաների մասին կա, և միգրացիայի, և՛ ռեադմիսիայի մասին, բայց այդ պայմանագրերն ավելի վաղ էին սկսել աշխատել։ Եվ վիզաների ռեժիմը մի քիչ հեշտացված է մեզ համար։ 

Բայց, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, մենք ԵՄ-ի հետ դեռ ազատ վիզային ռեժիմ չունենք։ 

Մենք էլի բարեփոխումներ պետք է անենք, որպեսզի վիզաների ազատականացման ռեժիմը Հայաստանի համար գործի։ Օրինակ՝ մարդու անձնական տվյալների պաշտպանության համակարգը պետք է ուժեղացվի։ 

Հայաստանում 100 տոկոսով պետք է անցնել կենսաչափական անձնագրերի, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը հնարավոր լինի։ Այսինքն՝ երկիրն այս հարցում պետք է բավարարի Եվրոպայի պահանջներին։ 

Երբ սովորական անձնագրով հայը մտնում է Եվրոպա, կարող է պատռել անձնագիրը, և իր ինքնությունը չի ֆիքսվի, բայց եթե մարդն ունի կենսաչափական անձնագիր, համակարգն արդեն նույնականացնում է։ 

Եվրամիության համար կարևոր է նաև երկրում ժողովրդավարության աստիճանը։ Եթե երկրում ընտանեկան բռնությանը նորմալ են վերաբերվում, նրանք այդ երկրի դեպքում վիզաների ազատականացման չեն գնա, քանի որ չեն ուզում, որ մեր բոլոր կանայք փախչեն Եվրոպա։ 

Նրանց պահանջն է, որ երկիրն օրենսդրություն ունենա, ըստ որի՝ կանայք պաշտպանված կլինեն։ Այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում պետք է զարգացում լինի։

Կան այլ հարցեր՝ կապված կոռուպցիայի, փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի հետ։ Այս բոլոր ոլորտներում Հայաստանում աշխատանք տարվել է և տարվում է, բայց դեռ դա բավարար չէ, որ վիզաների ազատականացում լինի։

Կա նաև մեկ այլ գործոն, որն այս գործընթացը մի քիչ հետ գցեց՝ СOVID-ով պայմանավորված իրավիճակը։ Ես ունեմ 7 տարվա վիզա, բայց չեմ կարող Շենգեն գոտի մտնել՝ СOVID-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով։ 

Այսօր առանձին դեպքերում են միայն թույլատրում Շենգեն գոտի այցելել, օրինակ՝ եթե մարդը գործուղման է մեկնում կամ բուժման նպատակով։ Եվ այն, որ СOVID-ի հետևանքով Շենգեն գոտին ոչ լիարժեք է աշխատում, բերում է նրան, որ վիզաների ազատականացում ունենալու գործընթացը մի քիչ կուշանա։ Բայց մենք չպետք է մոռանանք՝ եթե ժողովրդավարությունից շեղվենք, վիզաների ազատականացում չենք ունենա։

Մյուս գործոնն այն է, որ Եվրոպայի համար շատ կարևոր է, որ ռեադմիսիայի համաձայնագիրն աշխատի։ Այսինքն՝ երկիրը պետք է պատրաստակամ լինի անօրինական միգրանտներին հետ ընդունելու։ Այստեղ, իրոք, մենք լավ ենք աշխատում։

– Վերջին երկու տարիներին ռեադմիսիոն համաձայնագրով վերադարձողների թիվը կտրուկ ավելացե՞լ է կարծես։

– Այո՛, մի քանի անգամ մեծացել է վերադարձողների թիվը, որոնց Հայաստանն ընդունում է։ Եվրոպան ասում է՝ եթե դու ռեադմիսիան աշխատեցնում ես, ես քեզ ազատ վիզայի ռեժիմը կտամ։ Պետք է նշեմ, որ մեր Միգրացիոն ծառայությունն այդ ոլորտում լավ է աշխատում, ինչը շատ կարևոր է։

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ անդամ երկրներում աշխատանքի թույլտվություն ստանալու հեռանկարներ կա՞ն, կարո՞ղ են այդ հարցերը երկկողմ քննարկվել։ Օրինակ՝ վերջերս տեղեկություն եղավ, որ Վրաստանի քաղաքացիները կարող են աշխատանքի թույլտվություն ստանալ Գերմանիայում։

Այդ հարցերը կարգավորվում են երկկողմ հարթությունում՝ կոնկրետ երկրի հետ։ Եվրամիությունից կան մի քանի երկրներ, որոնք հայերին նաև աշխատանքային վիզա են տալիս, օրինակ՝ Լեհաստանը, որն առանձին մասնագետների տալիս է աշխատանքային վիզա։ Կան երկրներ, որոնք դեռ չեն տալիս այդ հնարավորությունը։ 

Ես չեմ հիշում, որ այդ պայմանագրում քննարկվի այդ հարցը։ Բայց քննարկվում է Հայաստանի համար վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու հարցը։ Մենք դեռ չենք հասել ամբողջ Եվրամիության տարածքում աշխատանքային վիզա ստանալու մակարդակի։

– Մեր հարևան Վրաստանն ապահովե՞լ է այդ պահանջները։

– Այո՛, նրանք ապահովել են, ունեն վիզաների ազատականացում, և դրանից արդեն հնարավորություններ են բացվում աշխատանքային վիզայի համար։ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան շատ հարցերում վաղուց առաջընթաց են ապահովել, դրա համար ազատ վիզայի ռեժիմ են ստացել։ Բայց եթե խոսում ենք ամբողջ Եվրամիության մակարդակով աշխատանքային վիզա ստանալու մասին, մենք դեռ պետք է վիզաների ազատականացման ռեժիմ ունենանք։ Այդ մասին դեռ վաղ է խոսել։

Եթե СOVID-ով պայմանավորված սահմանափակումները վերանան, հայերը նորից կարող են դիմել դեսպանատներ ու ստանալ Շենգեն վիզաներ, մտնել ԵՄ անդամ երկրներ։ 

– Իսկ գործընթացն իրականում հեշտացվա՞ծ է Հայաստանի քաղաքացիների համար։

– Այո՛, նախկինի համեմատ ավելի հեշտացված է, խաղի կանոններն ավելի պարզ են։ Բայց վիզաների ազատականացման համար պետք է բարեփոխումներին ուղղված բոլոր քայլերն անենք։

– Կա՞ վիճակագրություն՝ ՀՀ քաղաքացիների կողմից Շենգեն վիզաների ստացման ու մերժումների վերաբերյալ։

– Ես գլխավոր թիվը կարող եմ ասել, խոսքն իհարկե նախքան СOVID-ը եղած ժամանակաշրջանի մասին է, քանի որ СOVID-ով պայմանավորված՝ իրավիճակ է փոխվել։ Նախքան СOVID-ով պայմանավորված սահմանափակումները, Հայաստանից Շենգեն վիզայի համար դիմողների մոտ 12 տոկոսը մերժում էր ստանում, որը բարձր տոկոս է։ 

Համեմատության կարգով՝ Բելառուսի դեպքում մերժումը կազմում է 1 տոկոս, Ադրբեջանի դեպքում՝ 4 տոկոս, Վրաստանի դեպքում ևս նախքան վիզաների ազատականացումը մերժումը մոտ 12 տոկոս էր, ինչպես Հայաստանում։ 

Հայաստանի ու Վրաստանի թվերը նույնն էին։ Իսկ այսօր СOVID-ի պայմաններում դեսպանատներն ընդհանրապես ազատ վիզա չեն տրամադրում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am