Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաճկալաշեն համայնքի բնակիչը, որը զբաղվում էր անասնապահությամբ, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։