Ինչպես կհեռանա Սերժ Սարգսյանը

Ինչպես կհեռանա Սերժ Սարգսյանը
Ինչպես կհեռանա Սերժ Սարգսյանը

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի, ասել է թե Սերժ Սարգսյանի արտահայտած դիրքորոշումը հետաքրքրական արձագանք է ստացել հանրության շրջանում:

Հանրության զգալի մասն այդ արձագանքը համարում է Սերժ Սարգսյանի PR-ի նպատակով արված քայլ, այսպես ասած «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակով: Կարծես թե դեռ չեն հնչել կարծիքներ, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ անհամաչափ հետապնդումն էլ հենց այդ PR-ի նախապատրաստական մասն էր՝ հետապնդում էին, որ հետո Սերժ Սարգսյանն «ազատի»:

Այն, որ նախագահի նստավայրի արձագանքն ակնհայտորեն ունի քարոզչական նպատակ, երեւի թե կասկածից վեր է: Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ այդ արձագանքը խնդրի առումով տեղին է՝ այսինքն կա ոչ միայն Պետրոսյանի դեպքի հարցը, այլ ընդհանրապես Հայաստանում խափանման միջոցի կիրառման լայն խնդիրը: Բայց, անկասկած է նաեւ, որ Սերժ Սարգսյանն այդ խնդրին ամենեւին նոր չէ, որ տեղյակ է: Հետեւաբար Վարդան Պետրոսյանի դեպքը առիթ է քարոզչության համար, իսկ գլոբալ խնդրի լուծման հարցում կարելի է չկասկածել՝ շարքային քաղաքացիների համար խնդիրը կրկին կմնա:

Այդ ամենի վերաբերյալ հանրային արձագանքի մեջ հետաքրքրական է մեկ այլ բան, որը երեւի թե պակաս կարեւոր չէ: «Տարոն ջան, սիրուն չի» դեպքերում, հասարակությունը մեծ հիացմունքով բացահայտում է Սերժ Սարգսյանի PR-ն ու հիմնականում մեկ տոնայնության մեջ՝ «տեսաա՞ք, բա որ ասում էինք, այս ամբողջը խաղ էր»: Դրան հետեւում է այն, որ խնդիրները լուծելու համար պետք է հեռացնել Սերժ Սարգսյանին: Հազիվ թե որեւէ ողջախոհ մարդ կասկածի տակ դնի այն, որ Սերժ Սարգսյանի հեռանալը Հայաստանին պետք է, ուղղակի անհրաժեշտ:

Այստեղ խնդիրն այլ է՝ ինչպես կարող է հասարակությունը հասնել այդ հեռացմանը: Քաղաքական կուսակցությունների շնորհիվ դա չստացվեց, ու ինչպես ցույց տվեց Արարատի քաղաքապետի ընտրության համատեքստը՝ առաջիկայում չի ստացվի հաստատ: Դա հնարավոր է միայն ներիշխանական հեղաշրջման միջոցով, որն էլ հասարակության հետ, հանրային ու պետական շահի հետ չի ունենա որեւէ կապ:

Հասարակությունհը Սերժ Սարգսյանի հեռացման կարող է հասնել առաջին հերթին հավատալով իր ուժին, հավատալով, որ կարող է հրաժարական պարտադրել Սարգսյանին: Իսկ այդ հարցում կարող են շատ օգտակար լինել «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակի բերող դեպքերը: Բայց, հասարակության մի զգալի մասն անհասկանալի սիրահոժարությամբ այդ դեպքերի հաղթանակը կամ ՕԳԳ-ն զիջում է հենց Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե «ահաա, այդ ամենը խաղ էր, որը վերջապես բացահայտվեց»: Այսինքն, հանրային գիտակցության մեջ կամա թե ակամա նստում է այն, որ Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, այդ ինքն է խաղ խաղում բոլորի գլխին:

Այդ ներշնչումը, հանրային գիտակցության մեջ կամա թե ակամա այդ ներարկումն ավելի է խորացնում հանրային ապատիան եւ անվստահությունը: Դա այն դեպքում, երբ հասարակությունն ընդամենն ականատես է լինում իշխանության գործողությունների վրա իր ազդեցությանը: Այդ ազդեցությունն իհարկե ոչ միշտ է հաջողվում: Իհարկե, գուցե այդ հաջողության համար նպաստավոր դեր են խաղում նաեւ իշխանության ներսում առկա հակասական փոխհարաբերությունները, բայց երբ այդ ազդեցությունը հաջողվում է, պետք չէ այդքան հեշտ հրաժարվել այդ հաջողությունից: Սերժ Սարգսյանն, օրինակ, այդ ամենը փորձում է շուռ տալ իր օգտին՝ եւ հանրային արձագանքը զգալիորեն օգնում է դրան: Կարդալ ավելին