Գլխավոր դատախազը` կրկին ՄԻՊ զեկույցի մասին

Գլխավոր դատախազը` կրկին ՄԻՊ զեկույցի մասին
Գլխավոր դատախազը` կրկին ՄԻՊ զեկույցի մասին

Այսօր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին լրագրողնեը հարց ուղղեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ այս զեկույցում, որը հրապարակվել էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, օմբուդսմենը բարձրաձայնել էր դատական ատյաններում առկա կոռուպցիայի մասին: Զեկույցի հրապարակումից հետո Գևորգ Կոստանյանը պաշտպանին կոչ էր արել կոնկրետ փաստեր ներկայացնել:

Այսօր էլ գլխավոր դատախազը պնդում է, որ փաստերով խոսեն:

«Երևույթը չի լինում եթերային, հիմնված է լինում որևէ փաստի վրա: Փաստերի ներկայացման մասին է  խոսքը, որ այդ փաստերին պետք է գնահատական տրվի, առավել ևս որ քրեական գործ է հարուցվում փաստի առթիվ, ոչ թե երևույթի կապակցությամբ»,- լրագրողներին ասաց նա:

Իսկ մամուլով հրապարակված ու փաստաբանների ներկայացրած փաստերին անդրադառնալով նա մասնավորապես նշեց.

«Յուրաքանչյուր այդ դեպքի կապակցությամբ, որի մասին մամուլում կամ կոնկրետ փաստաբանների կողմից հայտարարություններ են եղել, դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցինք և յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրեցինք: Առավել ևս ես կարծում եմ՝ բոլորդ հնարավորություն ունեցել եք նաև գնահատելու, որ որևէ փաստաբան կամ որևէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ կամ կոռուպցիոն այլ դրսևորուման փաստ: Փաստաբանը, ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի հետ կապված, ընդամենը նշում է հետևյալը՝ որ իր կարծիքով որոշումն ապօրինի է, հետևաբար քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերևից հանձնարարական են ստացել: Այսինքն՝ այդ հանգամանքների հետ կապված որևէ փաստ այնուամենայնիվ չեն  ներկայացրել: Չնայած դրան, ներկայացված բոլոր հարցադրումների հետ կապված առնվազն նյութեր նախապատրաստվել են թե հատուկ քննչական ծառայությունում, թե այլ մարմիններում և կայացվել են համապատասխան որոշումներ»:

© Medialab.am