Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. Հայաստանը բանակցում է մի քանի ուղղություններով

Հայաստանը հետևում է աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հետ կապված գործընթացներին և բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Արդեն 8 պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ, որը վերջինն է: Տեսնենք՝ քանի պատվաստյութ վերջնական կհաստատվի: Ուշադիր հետևում ենք, թե որ դեպքում գործընթացն ինչպես է ընթանում: Երբ կունենանք ամբողջական փաթեթն այն մասին, թե ինչպես անցան փորձարկումները, նոր միայն կկարողանանք կողմնորոշվել: Իհարկե, մի քանի ուղղություններով բանակցություններ են վարվում, որպեսզի ռիսկի խմբերի համար կարողանանք արագ ապահովել պատվաստանյութ:  Կարծում եմ մինչև գարուն հստակեցումներ կլինեն»,-ասաց Լուսինե Պարոնյանը:  Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերվի՞, Լուսինե Պարոնյանը նշեց, որ դեռ այդպիսի միջոցառումներ չկան: