Տերմինալը գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին․ նրանք ձերբակալվել են. Տեսանյութ

Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։

Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության մասին, ուստի հիշյալ վարչությունների, ինչպես և Մաշտոցի ու Էրեբունու բաժինների քրեական հետախույզները բռնեցին նրանց՝ թույլ չտալով ավարտին հասցնել հանցագործությունը։

23, 27, 26-ամյա երիտասարդներն ու 47-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեցին։ Մեքենայում հայտնաբերվեց երկաթե լինգ։ Պարզվեց, որ X5-ի համարանիշերը գողացել են ժամեր առաջ` Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Ե՛վ մեքենայատիրոջից, և՛ վճարահաշվարկային տերմինալի տիրոջից ընդունվել են հաղորդումներ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ `