Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղ․ Freedom House

Freedom House կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը:

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որի բնակչությունը արդեն շաբաթներ է դիմագրավում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս վերանորոգել խողովակը։ Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն ավելի ուշ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևրանքով: Լուրեր են շրջանառվում, որ գազատարի վերանորոգման ընթացքում Ադրբեջանը փական է տեղադրել գազատարի վրա, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը: