Ադրբեջանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը․ Factor.am

Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք, իբր, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիներին ու այլ հանցագործություններ կատարել, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Յասամալի շրջանային դատարանում մեկնարկել է քրեական գործերով նախապատրաստական նիստը, դրանք քննելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը։

Ադրբեջանական կողմը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է, որ նա, իբր, հայկական զինված խմբավորման կազմում խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը գերի է վերցվել 1991թ․ հուլիսի 12-ին։ Նաև Մկրտչյանը, իբր, տարբեր ժամանակներում ծեծել ու խոշտանգումների է ենթարկել գերի վերցված Ադրբեջանի 11 քաղաքացու Շուշիի բանտում ու Երևանում։

Հայ մյուս ռազմագերի Ալյոշա Խոսրովյանին էլ Բաքուն մեղադրում է գերության մեջ գտնվող 5 ադրբեջանցու՝ խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մեջ։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն Ադրբեջանում պահվող հայ որոշ ռազմագերիների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր, ապօրինաբար պահում է ու հրաժարվում վերադարձնել Հայաստան։