Դեսպան Ղազարյանի այցը Բարի

Դեսպան Ղազարյանի այցը Բարի
Դեսպան Ղազարյանի այցը Բարի

Հունվարի 11-ին Իտալիայի Բարի քաղաքում տեղի ունեցավ հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին և իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:

Արարողությանը մասնակցեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիանոն, Իտալիայի Հայերի Միության նախագահ, պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Բարիում հայ համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը և մեծ թվով Բարիի քաղաքացիներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ հայկական խաչքարի տեղադրումը Բարիում` մի քաղաքում, որն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, հայերի և Հայաստանի երախտիքի խորհրդանիշն է: Դեսպան Ղազարյանը նաև նշեց, որ Բարիի քաղաքապետի և քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը` համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու և քաղաքական խիզախության վառ օրինակ են` հանուն ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դատապարտման միջազգային գործընթացի:

Քաղաքապետ Էմիլիանոն իր ելույթում նշեց, որ երջանիկ է գտնվելու այս վայրում: Քաղաքապետը հավելեց, որ խաչքարի տեղադրումը` ընդամենը մի փոքր, բայց, այդուհանդերձ, կարևոր և արժանավոր քայլ էր` պատմական արդարության վերականգնման դժվարին ճանապարհին: Նա իր հերթին իր և համաքաղաքացիների երախտիքի զգացմունքն արտահայտեց տեղի հայ համայնքին, որը ջանքեր չի խնայում հանուն Բարիի զարգացման ու բարօրության: 

Տոնակատարությունը շարունակվեց Բարիի քաղաքային խորհրդի դահլիճում, ուր տեղի ունեցավ բարիահայ բանաստեղծ` գրականության ասպարեզում 1953թ. Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցի անվան հետազոտական կենտրոնի և քաղաքապետարանի մրցանակաբաշխության արարողությունը:

Իտալիայում ՀՀ դեսպանը և քաղաքապետ Էմիլիանոն պարգևներ հանձնեցին պրոֆեսոր պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանին` Աղավնի Պողոսյանի «Արյան կանչը» և «Հուշեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունների թարգմանության համար:

Տոնակատարության շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ս.Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական հանրային RAI հեռուստատեսության նորությունների ծրագրի թղթակցին, որում անդրադարձել է Բարիում հայկական խաչքարի տեղադրմանը, Բարիի քաղաքային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին և, այդ համատեքստում, ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը, հավելելով, որ Բարիի հետ փոխգործակցության նոր էջ է բացվում, որն իր մեջ կընդգրկի տնտեսական, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության այլ ոլորտները: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am