Արցախից եկած երեխաները կկարողանան դասերի մասնակցել տվյալ պահին իրենց փաստացի բնակության վայրին մոտ դպրոցում. Փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապահովի իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։

ՀՀ բոլոր դպրոցները, մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանն առաջին իսկ օրից տեղեկացված են այս մասին։ Մասնավորապես, երեխաները կկարողանան դասերի մասնակցել այն ուսումնական հաստատությունում, որը գտնվում է տվյալ պահին իրենց փաստացի բնակության վայրին մոտ և հարմար է ուսումնական գործընթացից դուրս չմնալու և ուսումնական տարին առանց ընդհատման շարունակելու համար։

Երեխաները կընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի թվից և այս պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կապահովվեն անհրաժեշտ դասագրքերով։

Խնդրում ենք, պաշտպանելով երեխաների անձնական տվյալների գաղտնիությունը սոցցանցերում, պարզապես ԴԻՄԵԼ ՄՈՏԱԿԱ ԴՊՐՈՑ։

Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապահովի իրենց բնակավայրից…

Posted by Zhanna Andreasyan on Tuesday, September 29, 2020