Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

Ավտոտնակում  շարունակում է փչանալ դպրոցին  հատկացված՝  պետական միջոցներով գնված գույքը
Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. 

«Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27  դպրոցի նախկին տնօրենը  ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում  9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում:

Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե  9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կայույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ:

Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի  վրայով  սառնասրտորեն  անցավ   ու այդպես էլ չանդրադարձավ, թե  այդ  գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»:

Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն  մեծ-մեծ  խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝  թքած  ունեք   կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում  փտող, միլիոններ արժեցող  գույքի վրա:

Հարգելի  պարոն Մարգարյան, խնդրում եմ   պատասխանել, թե  ինչ  է  լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

© Medialab.am