Հայերի մարտական ​​ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է. Օլեքսանդր Բոժկո

Ադրբեջանցիները ի վիճակի չեղան իրականացնել անակնկալ հարձակման գործոնը` ներխուժել Լեռնային Ղարաբաղի խորքերը, և հիմա տեղում դոփում են, իսկ հայերին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը: Ուստի իզուր չեն ասում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն:

«Երեկ ընկերս ասաց, որ երբ Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց ընդհանուր զորահավաք, այն ավարտվեց հինգ ժամվա ընթացքում: Հինգ ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն ամբողջությամբ համալրվեց: Հայերի մարտական ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է: Ինչպես նաև՝ նրանց հավատը հաղթանակին:

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մարտերի վերջին մի քանի օրվա ընթացքում հակառակորդը ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի այնպիսի կորուստներ է ունեցել, ինչպիսին ունեցել է ղարաբաղյան առաջին պատերազմի ողջ ընթացքում, և դա չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը զգալիորեն գերազանցում է Հայաստանի զինված ուժերին զենքի քանակով ու որակով»,- ընդգծել է Բոժկոն: