Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել է կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը և իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումներ պետք է մշակել, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչների և ռազմավարության վերանայման փուլում առաջնային խնդիրներից է կրթել այնպիսի սերունդ, որ դպրոցն ավարտող աշակերտն ունենա նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը նպաստող կարողունակություններ և համապատասխան գիտելիք: «Քանի որ այս մասշտաբային ծրագիրը ներառում է դպրոցների շուրջ մեկ երրորդը և երեխաները ինքնուրույն պետք է ծրագրեր իրականացնեն՝ լինելով պայքարի առաջամարտիկները, դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք ձեռք կբերեն համագործակցությամբ աշխատելու, ծրագրեր մշակելու հմտություններ, որը ևս հանրակրթության առաջնահերթ խնդիրներից է: Ակնկալում ենք շահագրգիռ գործընեկերություն»,-ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն արձանագրել է, որ կլիմայի փոփոխություններն արդեն տեսանելի են նաև Հայաստանում, և ջուրը տարեցտարի ավելի կարևոր ռեսուրս է դառնում։ «Եկող տարի շատ մեծ ու հավակնոտ ծրագիր ենք իրականացնելու. եկող տարի Հայաստանում կծնկվի 10 միլիոն ծառ, և կարևոր է, որ այդ նախաձեռնությանը միանան երիտասարդները»,-ասել է նա։

Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավվելու են կլիմայի փոփոխության մեղմման համայնքային ծրագրերում և բյուջեներում։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։