Կորոնավիրուսի «ստեղծողը» չի ձերբակալվել. Armdaily.am-ը սխալ տեղեկություն է տարածում․ fip.am

Armdaily.am-ը ապրիլի 6-ին հոդված է հրապարակել «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը (տեսանյութ)» վերնագրով:

Կայքը, հղում անելով WCVB ալիքին, գրել է, որ Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականը վիրուսը վաճառել է Չինաստանին։ «Խոսքը Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերերի մասին է։ Այս ամերիկացի գիտնականը պայմանագիր է ունեցել Ուհանի համալսարանի հետ Covid-19-ի ուսումնասիրության վերաբերյալ»,- գրել է կայքը՝ հավելելով, որ սկսվել է Նոր կորոնավիրուսի ի հայտ գալու և տարածման գործով հետաքննությունը։

Նյութին կցված է բոստոնյան WCVB հեռուստաալիքի ռեպորտաժը, որում ենթադրաբար ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է հայտնում Լիբերերի գործից:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Չարլզ Լիբեր (Charles Lieber) անունով գիտնականն իսկապես ձերբակալվել է, սակայն քրեական գործի հարուցման դրդապատճառներն այլ են: Ավելին՝ այս իրադարձությունները տեղի են ունեցել երկու ամիս առաջ՝ հունվարի վերջին:

2020 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ արդարադատություն նախարարությունը հաղորդագրություն էր տարածել «Հարվարդի համալսարանի դասախոսին և ազգությամբ երկու չինացիների մեղադրանք է առաջադրվել Չինաստանի հետ կապված 3 տարբեր գործերով» վերտառությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Լիբերը մեղադրվում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունից և Առողջապահության ազգային ինստիտուտից Չինաստանի հետ ունեցած կապերը գաղտնի պահելու համար: Մասնավորապես, նա համագործակցում էր Ուհանի համալսարաններից մեկի հետ, ինչպես նաև ներգրավված էր «1000 տաղանդներ» ծրագրում, որի նպատակն էր օտարերկրացի և դրսում աշխատող չինացի մասնագետներին կենտրոնացնել Չինաստանում:

Լիբերը թաքցրել էր այն փաստը, որ Չինաստանի կառավարությունից 1.5 միլիոն դոլար էր ստացել Ուհանի տեխնոլոգիական համալսարանում լաբորատորիա ստեղծելու համար: 

Խնդիրն այն է, որ Լիբերը իրավունքը չուներ այս կապերը թաքցնել ԱՄՆ պաշտպանության նախարարությունից և Առողջապահության ազգային ինստիտուտից (այս կառույցներից Լիբերը 15 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ էր ստացել 2008 թվականից ի վեր), քանի որ համագործակցությունը չինական կողմի հետ շահերի բախում էր առաջացնում: ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ կորոնավիրուսի և Լիբերի կողմից Չինաստանում գաղտնի փորձարկումներ անելու մասին հիշատակումներ չկան: 

Ամերիկացի գիտնականը մեղադրվում է Չինաստանից ստացած ֆինանսական միջոցները թաքցնելու մեջ և որևէ առնչություն չունի կորոնավիրուսի ստեղծման հետ:

Օրիգինալ տեսանյութի վերնագիրը փոխվել է և տարածվել ամիսներ անց

Առանձին հիշատակության է արժանի հոդվածում Armdaily-ի կցած տեսանյութը: Դրանում ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է Լիբերին և երկու չինացիներին առաջադրված գործերի մանրամասները: 

Ռեպորտաժը պատրաստել է Բոստոնում գործող WCVB-TV օնլայն հեռուստաալիքը, որը պատկանում է ABC-ին: Օրիգինալ նյութը տարածվել էր հունվարի 29-ին «Հարվարդի ամբիոնի վարիչը ձերբակալվել է Չինաստանի հետ կապերը թաքցնելու համար» վերնագրով:

Zubby Entertainment յութուբյան ալիքն ապրիլի 4-ին տարածել էր նույն տեսանյութը, սակայն այլ վերնագրով՝ «ԱՄՆ-ն հայտնաբերել է այն մարդուն, որը ստեղծել և վաճառել է կորոնավիրուսը Չինաստանին. Դոկտոր Չարլզ Լիբեր»։ Տեսանյութն ունի ավելի քան 434,465 դիտում: Հատկանշական է, որ ռեպորտաժում որևէ հիշատակում չկա կորոնավիրուսի մասին։ 

Աղավաղված վերնագրով ռեպորտաժը ռուսական հարթակներում տարածվել է պնդումներով, որ ձերբակալվածը Նոր կորոնավիրուսի ենթադրյալ ստեղծողն է։ Հավանաբար, ռուսական աղբյուրներից էլ թարգմանել է Armdaily-ն՝ չստուգելով սկզբնաղբյուրն ու, հավանաբար, չծանոթանալով ռեպորտաժի բովանդակությանը։  

Կորոնավիրուսի՝ արհեստականորեն ստեղծված հիվանդություն լինելու մասին հիմնավոր փաստարկներ չկան

 Ինչ վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսի՝ արհեստականորեն ստեղծված լինելու լուրերին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են լրատվական կայքերի ուշադրության կենտրոնում, ապա այդ տեղեկությունները հաստատող փաստեր դեռևս չկան: Ավելին՝ 2015 թվականին Nature Medicin գիտական պարբերականը հրապարակել էր հոդված, որում ուսումնասիրվել էր կորոնավիրուսը (SARS-CoV) Չինաստանում ապրող չղջիկների շրջանում: Հեղինակները հավանական էին համարել վիրուսի՝ չղջիկներից մարդկանց փոխանցվելու հնարավորությունը: Այսինքն՝ մինչև 2019 թվականին Չինաստանում համաճարակի պատճառ դառնալը վիրուսն արդեն գոյություն է ունեցել և այս թեմայով շահարկումները չունեն լուրջ գիտական հիմք:

Այսպիսով, Armdaily.am-ի թարգմանած հոդվածը, թե ԱՄՆ-ում ձերբակալվել է կորոնավիրուսը ստեղծող գիտնականը, իրականությանը չի համապատասխանում:

fip.am

Լուսինե Ոսկանյան