Ուկրաինայի օմբուդսմենին թույլ չի տրվել այցելել Սաակաշվիլիին

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային թույլ չի տրվել այցելել Վրաստանի 3-րդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է Aliq.ge-ն։

Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Վրացական օրենսդրությունը չի պարտավորեցնում թույլատրել Ուկրաինայի հանրային պաշտպանի մուտքը քրեակատարողական հաստատություն: Հետևաբար, երբ բանտարկյալը գտնվում է բուժհաստատությունում, մենք պարտավոր ենք ապահովել նրա բուժման ընթացքը։ Այդ պատճառով օմբուդսմենին այժմ թույլ չի տրվում այցելել Սաակաշվիլիին»,- ասել է արդարադատության նախարարը։

Ըստ նրա, Միխեիլ Սաակաշվիլիին այցելել կարող են միայն Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված անձինք, որոնց թվում չկան ուկրաինացի պաշտոնյաներ կամ հանրային պաշտպանը։

Նա քննադատել է Լյուդմիլա Դենիսովային` Միխեիլ Սաակաշվիլիի մասին իր հայտարարության համար։

«Անցյալ անգամ, երբ տիկին Դենիսովան միակողմանի հայտարարություն արեց, լավ կլիներ հաշվի առներ նաև մեր կարծիքները և դիտարկեր երկու դիրքորոշումներն էլ։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Սաակաշվիլիին, դուրս եկավ և միակողմանի հայտարարություն արեց, նա մեզ նույնիսկ չհարցրեց, թե արդյոք իր տրամադրած տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը», — նշել է Բրեգաձեն։

Նշենք՝ նախորդ անգամ, երբ Դենիսովան եկել էր Վրաստան, նրան դժվարությամբ էր հաջողվել մուտք գործել երկիր, սակայն, այնուամենայնիվ, հանդիպել էր նախկին նախագահ Սաակաշվիլիին։ Հանդիպումից հետո, վերջինս հայտարարել էր, որ խախտվել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջության, դատավարական և կրոնական իրավունքները, և ինքը պատրաստվում է այս մասին նամակի միջոցով հաղորդել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Միխեիլ Սաակաշվիլին արդեն 46 օր է կալանավորված է, գտնվում է  հացադուլի մեջ, առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։ Չնայած բժիշկների խորհրդի, քաղհասարակության, ընդդիմության` Սաակաշվիլիին բազմաֆունկցիոնալ կլինիկա տեղափոխելու կոչերին, իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են դա անել՝ ասելով, որ բանտի բուժհաստատությունը համապատասխանում է բուժման  պահանջներին: