Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների կազմակերպած անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը իշխանություններին որակել է խուլիգան:
«Խուլիգանը իրանք են, որ երկիրը հետևողականորեն տանում են կործանման», -արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, ասել է Սաղաթելյանը:
Նա նշել է, որ անհնազանդության ակցիաները քաղաքացիների օգնությամբ իրականացնում են, ինչի արդյունքում պետական մարմինների աշխատանքը պարալիզացվում է:
Հարցին, թե արդյոք այսպիսի ակցիաներով հնարավոր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սաղաթելյանը ուղիղ չի պատասխանել, այլ միայն ասել է. «Ակնհայտ է, որ եթե այս ակիցաները չլինեին, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ: Առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով այս իշխանությունը պատրաստվում էր հանձնել երկիրը: Բրյուսելյան վերջին հանդիպումը դրա վառ ապացույցն է: Վստահ եմ՝ Նիկոլը պարզապես ժամանակ էր խնդրել Ալիևից ու իր մյուս գործընկերներից, որ հաշվի առնելով Հայաստանում իրավիճակը, հետաձգել: Այս իմաստով ձեռքբերումն ակնհայտ է: Թուրք-ադրբեջանական դաշինքը ակնհայտ է, որ շտապում է, շտապում է ամրագրել պատերազմի արդյունքները»:
Նա նշել է, որ շարժումը պետք է պահի տեմպը, բազմապատկի անհնազանդության ակցիաների ծավալը և քանակը:
«Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, ակնհայտ է, որ կա դավաճան իշխանության հեռացման հանրային պահանջ: Խնդիրը մեր համակիրներին մասնակից դարձնելն է», -նշել է Սաղաթելյանը: