Բոլոր ազդակները կան ասելու, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ, այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ներդրումներ կատարվում են, և այդ ներդրումները երևում են պաշտոնական ցուցանիշներից:
«Եվ այդ պաշտոնական ցուցանիշների մեջ ներդրումների ծավալի այն հատվածը, որ կառավարությունով է անցնում, այդ ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 7 անգամ, իսկ աշխատատեղերը, որոնք կցված են այդ ներդրումների ծրագրերին, 4.7 անգամ: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք բոլորս այսօր պետք է ունենանք լավ տրամադրություն, ոչ թե նրա համար, որ Հայաստանում բոլոր հարցերը լուծված են, այլ նրա համար, որ Հայաստանում լուծվում են շատ կոնկրետ հարցեր»,- հայտարարեց վարչապետը:
Իսկ նրանց, ովքեր հարցադրում են անում, թե ի՞նչ հարցեր են լուծվել երկրում, Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս կրկին ծանոթանալ «100 փաստ նոր Հայաստանի մասին» գրքույկին: «Այս գրքույկում փորձ ենք արել ներառել ցուցանիշներ, որոնք ՀՀ-ում մեր կարծիքով տեղի չէին ունենա, եթե չլիներ ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա: