Երջանկության նախարարը 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Ելույթին մնում էր 10 րոպե: Նարեն նյարդային, դողացող ձեռքով դիմափոշին տպտպացնում էր մոտ 45 տարեկան առանց այդ էլ սփրթնած տղամարդու դեմքին: Կողքից գռմռում էր նրա գործընկերը՝ շատ ես անում, հերիք ա: Նարեն ուշադիր զննում է տղամարդու դեմքը, հոգոց է հանում, դիմափոշու սրվակը տեղավորում է պայուսակի մեջ: 

– Պարոն Աստվածատրյան, լա՞վ եք: 

Տղամարդը դանդաղ բարձրացնում է հոնքերը: Ճակատին գլան առ գլան հավաքվում են երկար կնճիռները: Գլխով է անում: 

Երեք տարի առաջ կառավարությունը նկատեց, որ, չնայած տպավորիչ տնտեսական աճին, ըստ հարցումների՝ երկրում շատ բարձր է տագնապայնությունը, և աճում է հոգեկան հիվանդությունների թիվը: 

Մարդիկ նյարդային են ու դժգոհ: Հետպատերազմյան մթնոլորտ է:

Հանրության վիճակը առողջապահության նախարարը գնահատեց իբրև ապատիա: Մարդիկ ոչինչ չեն ուզում: Մարդիկ կուչ են եկել սեփական բնակարանների մեջ: Փակել են պատուհանները, ծածկել են վարագույրները: Ոմանք ոռնում են ցավից, ոմանք լուռ են, ոմանք նայում են հայելու մեջ և չեն գտնում սեփական մարմնի մասերը՝ ոտք, ձեռք, հայացք, ժպիտ… Ամեն ինչ թողել են պատերազմի դաշտում: 

Փոքր ազգը գնաց կռվի և չվերադարձավ: 

Բոլորը մնացին այնտեղ: Հետ եկան նրանց շողքերը: Անձնագրի էջին փակցված նկարները, որոնք ամեն օր արթնանում են, գնում են գործի, գալիս են տուն ու վախենում են քնեն: Վախենում են լռությունից, վախենում են հրավառությունից: Պարտությունը մառախուղի պես թանձրացել էր բզկտված երկրի մայրաքաղաքի ուսերին: Եվ կառավարությունը պետք է մի բան մտածեր: Այս լռությունն անտանելի էր դառնում: 

Գումարեցին կառավարության նիստ: Վարչապետն աղմկոտ ելույթ ունեցավ: Կայացվեց որոշում՝ ստեղծել երկրում Երջանկության նախարարություն: 

Ուսումնասիրվեց միջազգային փորձը: Ընտրվեց լավագույն թեկնածուն՝ ակտիվ, ի վերուստ օժտված մենեջեր, միշտ ուրախ, ժպտերես, նախաձեռնող, երեք երեխաների երջանիկ և սիրող հայր՝ Վրեժ Աստվածատրյանը: Աղմկոտ և կայտառ մարդ, ով կարծես ծնված էր այս պաշտոնի համար: 

Առաջին իսկ տարվա աշխատանքը շլացուցիչ արդյունքներ տվեց: Երկրով մեկ բացվեցին հոգեբանական արագ արձագանքման կենտրոններ, ծերերի և միայնակների համար ժամանցի պետական ակումբներ, օրինականացվեց մարիխուանան, ակտիվացան հանրային միջոցառումները…

Սոցիոլոգները ցնծում էին: Իշխող կուսակցությունը հաշվում էր իր օգտին աճող ձայների թեժ աճը: Հետո ամեն ինչ կանգնեց: Կառավարության պատերի տակ դա անվանեցին կայունացում: Սա իրոք նման էր կայունացման: Եվ միայն առողջապահության նախարարն էր երբեմն փնթփնթում, որ թմրամիջոցներից կախվածության և ինքնասպանությունների աճ է նկատվում: Բայց, դե, շատ չէր կարող խոսել, քանի որ համեմատած համաշխարհային աճի թրենդի, երկիրը դեռ սողում էր վարկանիշների հետևներում: Ոչ մի սարսափելի բան: 

Մի օր, կառավարության նիստից հետո վարչապետը գոհ թփթփացրեց նախարարի մեջքին՝ ապրե՛ս, Աստվածատրյան: 

Նախարարը ժպտաց: 

Դրանից հետո նա էլ երբեք չքնեց: 

Գիշերներն արթնանում էր: Մղձավանջներ էին գալիս: Տարօրինակ պատկերներ: Երազում տեսնում էր, թե ինչպես են սոցիոլոգները շամպայն բացում, տոնում լայն էկրանների վրա պատկերված թվերի աճը: Աստված գիտի՝ ինչպես են հաշվում: Գրաֆիկները փոխվում էին՝ բարձր, ավելի բարձր: Փուչիկներ, երաժշտություն… և միայն դռան մոտ կանգնած սպիտակ խալաթով առողջապահության նախարարի դեմքն էր սփրթնած, աչքերը կուլ գնացած: «Ապրե՛ս, Աստվածատրյան»,- դառնացած շշնջում էր նա: 

Հետո մղձավանջները մոխրացան: Պարզապես խառը երազներ էին, իրար հետ կապ չունեցող սյուժեներով: Առավոտյան արթնանում էր ջարդված ու հոգնած: Ախորժակ չուներ: Ուժերը մաշում էին: Ամեն օր մկանները թուլանում և բարալիկ թել էին դառնում: 

Երջանկության նախարարը պիտի մասնակցի զանազան ուրախ և հուսադրող միջոցառումների: Նա պիտի ժպտա: Գոնե օգնականը՝ Նարեն, սովորեր այդ դիմափոշիով աչքերի տակի սև կիսալուսինները քողարկելուց բացի դեմքին ժպիտ նկարել: 

Միջոցառումները սև ու սպիտակ համր ֆիլմի պես անցնում էին նախարարի աչքի առաջ: Անհետաքրքիր, տաղտուկ: Կառավարության նիստերին լուռ էր: Լեզուն ծանրացել էր: «Պարոն նախարար, այստեղ կստորագրե՞ք»: Տեսնես ինչո՛ւ է գրիչն այսքան ծանր: Ստորագրություն նկարելը գութանով աշխատելու պես մի բան էր դարձել: Մատները շատ թույլ էին այդ գրիչի համար: Քունը տանում էր… չէ, ուզում էր անէանար… չէ, ոչինչ չէր ուզում…

«Միջազգային համաժողովին ո՞նց ես ելույթ ունենալու»,- առողջապահության նախարարի մտահոգ ձայնն էր: Աստվածատրյանը ոչինչ չպատասխանեց: Նարեն տեքստը կկազմի: Մնում է պարզապես այն կարդալ… «Ես քեզ մոտ մի լավ մասնագետ կուղարկեմ»: Բարի: 

Հոգեբույժը մի քիչ խոսեց, մի քիչ զննեց, հետո թղթի վրա գրեց՝ մեծ դեպրեսիվ խանգարում: Ապրե՛ս, Աստվածատրյան: Դեղեր նշանակեց: Նարեն հետևում էր, որ պատշաճ կերպով ընդունի: Միջոցառումներ, զեկույցներ, քննարկումներ, մղձավանջներ…

Ելույթին մնացել է 30 վայրկյան: Վրեժ Աստվածատրյանը վերջին անգամ նայեց իր զեկույցին: Ըստ թվերի՝ իր երկիրը երեք տարվա ընթացքում մտել է աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին եռյակի մեջ: Սա կատարյալ հաղթանակ է: Անլսելի բան: Լրագրողները ոգևորված գրում են, տուրիզմը զարգանում է: Ցուցանիշներ, աճ, ցուցանիշներ… Ապրե՛ս, Աստվածատրյան: 

Բեմ է բարձրանում դահլիճում թնդացող ծափահարությունների ներքո: Մարդիկ մշուշոտ պատկեր են: Լղոզված: Ձեռքերի շարժ: Ողջույններ: Ժպիտներ, ժպիտներ, ժպիտներ…

Նայում է տեքստին: Նայում է մշուշին: 

– Ես աշխարհի ամենաբզկտված երկրներից մեկի երջանկության նախարարն եմ…

Նարեն դահլիճում դողացող ձեռքով ստուգում է՝ արդյոք չի՞ մոռացել նախարարի հակադեպրեսանտները: 

Ամեն ինչ տեղում է: 

Ապրե՛ս, Աստվածատրյան: 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am