Համաձայն նարդու աղմուկի տակ ծավալվող բակային զրույցների՝ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգությամբ առնվազն երկու «թուրք» ղեկավար: Եվ հետաքրքիրն այն է, որ նրանք երկուսն էլ միմյանց ծայրահեղ հակադրությունն են: Եվ ով մի ղեկավարին համարում է «թուրք», մյուսին, որպես կանոն, համարում է «իսկական հայ»:
Այստեղ «թուրք» բառը ոչ միայն նշանակում է օտար ազգի ներկայացուցիչ, այլև դարձել է խորհրդանշան, այն նոր, ավելի խոր բովանդակություն ունի: Սա հայկական ինքնության հակակերպարն է, վառ արտահայտված «ուրիշը», ամբողջ ազգի գոյության թիվ մեկ վտանգը: Սա է պատճառը, որ որևէ մեկին ծայրահեղ վտանգավոր ներկայացնելու համար նրան հաճախ անվանում են «թուրք»:
Ներքաղաքական կյանքում մենք ունենք երկու ծայրահեղական կերպար, որոնք արտահայտում են աշխարհին նայող մեր ժողովրդի զույգ աչքերը, հակադիր զգացմունքները, աջ և ձախ թևերը: Նշեմ, որ ես չեմ խոսելու իրական անձերի մասին, այլ նրանց՝ մեդիայում, բակային զրույցներում գեներացվող ասեկոսեներից հյուսված կերպարների մասին: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մասին է:
Այս երկու կերպարները հանրության հավաքական պատկերացումների մեջ ունեն վառ արտահայտված հստակ տարբերություններ: Մեկը պրոռուսական է, մյուսը՝ պրոարևմտյան: Մեկը քչախոս է, մյուսն աչքի է ընկնում շատախոսությամբ: Մեկը հստակ արտահայտում է հարուստ, տղամարդու կերպարը, մյուսը՝ հասարակ մարդու, որի վրա կոստյումը հաճախ ծուռ է նստում, գլխարկն էլ չի սազում: Մեկին երբեք չես տեսնի ուտելիս, մյուսը հայտնի է բուտերբրոդային նկարներով: Մեկը փակ է, հավաք, մյուսը՝ բաց ու հուզական… Այսպես թերևս կարելի է երկար շարունակել: Սրանք երկու կերպարների տարբերություններն են: Բայց կան նաև նմանություններ:
Եվ հենց դրանք են կազմում այն հիմնասյունը, որը ամբողջացնում է այս երկու հակադիր կերպարներին, ձուլում է նրանց, սարքում նույն մեդալի հակառակ երեսները:
Առաջինը ատելությունն է, որ նրանց հանդեպ տածում է ժողովրդի մի մասը: Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին միավորում է այն, որ նրանց երկուսին էլ «թուրք» են անվանել: Եվ խոսքը ոչ միայն վիրավորական արտահայտության մասին է: Փողոցային ասեկոսեները երկուսի մասին էլ լեգենդներ էին հյուսում, որ կամ նրա պապը, կամ եսիմ որ բարեկամը իրականում թուրք են: Անգամ գտնվում են մարդիկ, որ փրփուրը բերանին երդում-պատառ են ուտում, որ հաստատ գիտեն, թե ինչ գենետիկ շղթաներից է կազմված այս մարդկանց «ոչ այնքան հայկական» տոհմածառը:
Հոգեբանի աչքով այս ամբողջ տեսարանը, սակայն, ոչ թե գենետիկայի, այլ հասարակության մի մասի կողմից այս կամ այլ քաղաքական գործչին չընդունելու մասին է: «Թուրք» անվանելը պարզապես հասարակության փորձն է զատելու, առանձնացնելու, օտարելու մարդուն: Նրան սեփական իշխանությունից դարձնել օտար, դրսից եկած, դավադիր ուժի դեսպան: Այսպիսով նաև լուծվում է սեփական սխալները վերլուծելու հարցը: Չէ՞ որ եթե պարզվում է, որ քո իշխանությունը օտար է, դրսից եկած դավադիր դեսանտ է, ուրեմն դու անմեղ ես:
Դու կարող ես չփոխվել:
Երկու կերպարների անվան շուրջ ատելությունն էլ կապված է Արցախի հետ: Մի դեպքում «Արցախի պաշտպանն է», որ «Արցախից ինչ-որ կլան էր իր հետ բերել ժողովրդին տիրելու համար», մյուս դեպքում՝ «Արցախից հրաժարվողն է», որը սակայն «ատելություն է սերմանում և ճնշում արցախցիներին»:
Հաջորդ երևույթը, որ միավորում է երկու կերպարներին, ատելությունն է միմյանց նկատմամբ: Եվ հենց այստեղ է երևում հայ ժողովրդի երկատվածությունը: 1988 թվականին մարդիկ գոռում էին՝ միացում, արդյունքում ստացանք պառակտում:
Այն արտահայտված է սոցիալական, ներքին մշակութային, ֆինանսական, գաղափարական և անգամ աշխարհաքաղաքական վեկտորների տարբերությամբ: Ու այս տարբերությունների վրա, որպես դրանց խորհրդանշան, բրենդ, ցուցիչ նշված է Քոչարյանի կամ Փաշինյանի անունը: Այս երկու ծայրահեղությունները մեր հասարակության՝ չափից դուրս տարօրինակ սիմետրիկ երեսի երկու մասերն են: Մեր ներկայիս քաղաքական ինքնության երկու ոտքերը, որը մենք չենք ուզում ընդունել՝ անվանելով «թուրք», այսինքն՝ վտանգավոր, մահաբեր, օտար…
Հարավարևելյան երկրներում տարածված մի լեգենդ կա:
Գյուղացի տղան որոշում է սպանել իր երկիրը զավթած վիշապին, որը թալանում է մարդկանց, սովի և աղքատության մատնում: Նա հանդիպում է իմաստուն կրիային, որը նվիրում է նրան կախարդական թուր: Կրիան, սակայն, զգուշացնում է, որ թուրը կարող է սպանել միայն մեկ վիշապի: Տղան հաղթում է չար վիշապին, բայց շուտով պարզվում է, որ սպանողը հետո ինքն է վիշապ դառնում: Եվ, մեծ հաշվով, ամեն վիշապ ժամանակին եղել է իր դեմ կռվող քաջ մարտիկ: Այս լեգենդի այլ տարբերակներ կան աշխարհի տարբեր ծագերում: Վիշապը ներկայացնում է ճնշող իշխանությունը: Վիշապն ունի ուժ և ոսկի: Վիշապին սպանողը ինքն է վիշապ դառնում…
2008 թվականին ժողովրդի միջից դուրս եկած տղան տարիքն առած«իմաստուն ուսուցչի» աջակցությամբ սկսեց քաղաքական պայքարի երկար շրջափուլ: Տասը տարի անց նա կարողացավ սպանել «վիշապին» և տիրել նրա ուժին ու ռեսուրսներին: Հետո լեգենդը շարունակվում է…
Բաղրամյան պողոտա: Ցուցարարների վրա նետվող լուսաձայնային նռնակներ: Վիրավորներ և տուժածներ: Ճիշտ այնպես, ինչպես 2008-ին էր: Պայքարող տղան անգամ ասում էր, որ ցուցարարներից մեկն ամենայն հավանականությամբ հենց այդ նռնակից է զոհվել: Իսկ հիմա մեզ հավաստիացնում է, թե նռնակներն անվտանգ են: Մենք լսում ենք արդարացումներ ու ոստիկանության գովք, գովք, գովք…
«Հիմա վիշապը դու ես»:
Բայց մեր պատմությունն ավելի բարդ է: Տղան չի հաղթել «իր վիշապին»: Ինքն է դարձել է վիշապ: Եվ հիմա նայում է իր երբեմնի հակառակորդի աչքերի մեջ, որին նա նմանվել է սեփական կանաչ թեփուկներով և լայն բացվող թևերով:
Անհնարին է հաղթել վիշապին, երբ դու էլ ես դարձել վիշապ, և փաստացի հակառակորդդ դարձել է քո սեփական արտացոլանքը…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am