Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին․ Վահագն Ալեքսանյան

Եթե Ռուսաստանը ցանկանում է դուրս բերել ռուսական ռազմաբազան Հայաստանից, ապա պետք է այդ մասին հայտարարի, իսկ եթե չի ցանկանում դուրս բերել, ապա հարցը քննարկման ենթակա է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ ՀՀ-ից որևէ դիմում չի ստացել։

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես դիմել Մոսկվային՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցով։

«Ինչքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ՝ մասնավորապես Պաշտպանության նախարարությունը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ինչպես նաև խորհրդարանը, նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան։

Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել։ Մենք էլ նրանցից նման դիմում չենք ստացել։ Չգիտեմ՝ առաջիկայում նրանք կդիմե՞ն, թե՞ ոչ։

Հարցը հետևյալն է․ եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, իսկ եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։