Ուկրաինան չի զիջի Դոնբասի չգրավված տարածքները նույնիսկ խաղաղության դիմաց․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել գրավել, նույնիսկ խաղաղության համաձայնագրի դիմաց։ Այս մասին Դանիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Կիևից Դոնբասի տարածքները զիջել պահանջելը բանակցությունների ամենահեշտ ճանապարհն է, սակայն Ուկրաինան չի կարող համաձայնել դրան, քանի որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ, որոնց ապահովման հարցում կարևոր է ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը։

Նա նաև հայտնել է, որ Կիևն ակնկալում է վերականգնել ԱՄՆ-ի անմիջական ռազմական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները։

Ներկայում Ուկրաինան եվրոպական ֆինանսավորմամբ PURL նախաձեռնության շրջանակում հնարավորություն ունի ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։

Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ շփումներին՝ Զելենսկին նշել է, որ նրանց հայտարարություններում որոշակի փոփոխություններ է նկատել։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Դոնբասի հարցը միայն տարածքային խնդիր չէ, այլ վերաբերում է այնտեղ ապրող մարդկանց, նրանց տներին ու ճակատագրերին։