Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղել է, երբ լրագրողը հարցրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության մասին, թե ամերիկացի բանակցողները ցանկանում են, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագիրը կնքվի մինչև հունվար։

Այս մասին հաղորդում է The New York Post-ը, որը ԱՄՆ նախագահի հետ բացառիկ հարցազրույց է անցկացրել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։

«Ո՞վ է նման բան ասել»,- ծիծաղելով և սենյակում գտնվող բարձրաստիճան օգնականներից մեկի հետ հայացք փոխանակելով՝ հարցրել է Թրամփը։ «Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ»։

Թրամփի խոսքով՝ հակամարտությունը ձգձգվում է, քանի որ «տանգո պարելու համար երկու հոգի է պետք»։

«Ես որևէ ժամկետով սահմանափակված չեմ։ Պարզապես կցանկանայի, որ այն ավարտվեր։ Գիտեք՝ դա մեզ վրա չի ազդում։ Ես շատ կցանկանայի, որ ամեն ինչ ավարտվեր հենց այսօր, բայց տանգո պարելու համար երկու հոգի է պետք։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ երբեմն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամ է թվում, իսկ Զելենսկին՝ ոչ, երբեմն էլ հակառակն է։

«Երբեմն Զելենսկին մեծ ցանկություն ունի ամեն ինչ ավարտելու, իսկ Պուտինը պատրաստ չէ։ Ամեն ինչ կախված է տվյալ օրվանից»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցություններ են վարել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։

Կողմերը նախատեսում են շարունակել բանակցությունները, սակայն դրանց հաջորդ փուլի հստակ ժամկետներ դեռևս չեն հայտարարվել։