Բանակի ղեկավարությունը պետք է գլուխ խոնարհի իրավապաշտպանների առջև. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Պաշտպանության փոխնախարարի հայտարարությունները իրավապաշտպանների հասցեին ցածրորակ էին, հուսահատության աստիճանի ցածրորակ և նա ներկայացնում է բարձրագույն հրամկազմը:

Մենք լսել ենք Գաբրիել Բալայանի մտքի գոհարներից էր ևս մեկը՝ տանը զենք չունեն, գալիս են էստեղ են ինքնասպան լինում, ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:

Բանակը սպանում է զինվորին, բայց մեզ մեղադրում են ընտանիքի վիշտը խորացնելու մեջ:

Զոհերի ընտանիքների միակ ապավենը իրավապաշտպաններն են:

Նրանց լսում են:

ՊՆ-ի դռները փակ են նրանց առջև, ոչ մի պատասխանատվություն և բացատրություն, փոխարենը հետևողական անտարբերություն, Բանակի ղեկավարությունը պետք է գլուխ խոնարհի իրավապաշտպանների առջև, որ աշխատում են իրենց փոխարեն և կատարում այդ դժվար աշխատանքը»:

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել էր բանակի խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպանների գործունեությանը: Նա ասել էր, որ որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահ մարմինները:

«Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում:

Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ յուրաքանչյուր ողբերգական դեպք հրճվանք է առաջացնում: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար:

Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,- ասել էր Բալայանը: