Այս խտրական մոտեցումն ԱԺ նախագահի կողմից առաջին դեպքը չէ․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Այսօր լսեցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը ՄԻՊ զեկույցի հետ կապված: 

Նա ուղղակի անհարգալից և բավականին ամբարտավան տոնով էր խոսում ԱԺ դահլիճում գտնվող Արման Թաթոյանի հետ՝ աստիճանաբար սպառնալից երանգ հաղորդելով ձայնին:

Դժվարանում եմ ասել, թե որքանով էր նա տիրապետում թեմային, փոխարենը հստակ գիտակցում էր, որ ինքն իշխանություն է և իրավունք ունի: Իսկ, երբ Արման Թաթոյանը փորձեց զսպվածության կոչ անել իմքայլական պատգամավորին և հարգանքով խոսել Պաշտպանի հետ, ԱԺ նախագահը ռեակտիվային արագությամբ պահանջեց հարգանքով խոսել իր թիմի պատգամավորի հետ:

Այս խտրական մոտեցումն ԱԺ նախագահի կողմից առաջին դեպքը չէ: Սա Իմ քայլի թիմային աշխատանքի մասին պատկերացումներն են, որի մեջ մտնում են մեջքից խփելն ու իրենց պատգամավորների հնչեցրած սպառնալիքները չլսելը»: