Ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշված միջադեպի ժամանակ իր պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանին հայտարարվել է նկատողություն:
Ոստիկանի անմիջական ղեկավարին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի մասին որոշում է ընդունել՝ հիմնվելով ծառայողական քննության արդյունքների վրա: Ծառայողական քննությամբ փաստորեն հաստատվել է մամուլի հրապարակումն առ այն, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, «միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը»:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: