Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Գյումրիում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սեպտեմբերի 3-ին,մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված, մասնավորապես, փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ:

Խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին հատուկ ուշադրություն դարձնել ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ լրացմանը: «ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։