ՄԻԵԴ որոշումը Մայրապետյանի գործով դեղի՞ն քարտ ՀՀ նախաքննական մարմիններին, թե՞ նախկին չափորոշիչների կիրառման հետեւանք. փորձագետներ

18-01-2019
136 դիտում
ՄԻԵԴ որոշումը Մայրապետյանի գործով դեղի՞ն քարտ ՀՀ նախաքննական մարմիններին, թե՞ նախկին չափորոշիչների կիրառման հետեւանք. փորձագետներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործարար Սամվել Մայրապետյանի գործով Հայաստանի դեմ որոշումը դեղին քարտ է՝ ուղղված Հայաստանի նախաքննության մարմիններին: Եվ առաջիկայում նման որոշումներ այլ գործերով էլ կարող են լինել, եթե իշխանությունները չվերանայեն քաղաքականությունը: Այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

«Եթե նախաքննության մարմինները միջնորդությունները բավարարեին, Եվրոպական դատարանը 39-րդ կանոնը չէր կիրառի մեր դեմ: Սա ահազանգ է, մենք էլ բարձրաձայնում ենք, որ վարչապետը լսի, նախաքննության մարմինների ղեկավարները լսեն, որ մենք այլևս այսպես չենք կարող շարունակել: Եթե այսպես շարունակենք, մենք անընդհատ կունենանք վճիռներ մեր երկրի դեմ: Բոլորս համոզված էինք, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի որոշումները պետք է լինեին բացառիկ բան, ոչ թե դառնային կանոն այնպես, ինչպես հին Հայաստանում էր»,- «Մեդիալաբին» ասում է Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը՝ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Այս մասին հայտնել են Մայրապետյանի փաստաբանները:

Ըստ փաստաբանների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների՝ Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, ՄԻԵԴ-ի որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:

ՄԻԵԴ-ի որոշմանն արձագանքել է գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տևական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Արդարադատության նախարարությունն իր հայտարարությամբ հիշեցրել է, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ըստ նախարարության՝ նշված որոշմամբ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե նախկին համակարգից եկած օրենքների ու որոշումների հետևանքով է այսօր այս իրավիճակը:

«Եթե ՄԻԵԴ-ի որոշումները կլինեն այն պատճառով, որ մեր կողմից կընդունվեն օրենքներ, որի արդյունքում կխախտվեն մարդու իրավունքները, կասեմ՝ մեր մեղքն է: Սամվել Մայրապետյանի գործով այս օրենքներն ընդունել են նախկին իշխանությունները, կարող եմ կառավարության որոշումը հանել ու ցույց տալ, թե ով է տակը ստրագրել»,- ասում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մինչդեռ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է, որ իշխանությունների այս պնդումները հիմնավոր չեն: «Ես կարծում եմ՝ իրավակիրառ պրակտիկայի հարց է սա: Ես ասում եմ՝ քննության պրոցեսը փնթի է տարվել, և այս առումով պետք է քայլեր ձեռնարկի իշխանությունը՝ հետագայում նման գործեր չունենալու համար: Բոլոր գործերով կարող են նման ռիսկեր առաջանալ»,- նշում է Մարուքյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է, որ աղմկոտ այլ գործերով ևս դիմումներ կգնան ՄԻԵԴ:

«Եվ այդ վստահության հիմնական պատճառն այն է, որ նախաքննության մարմինը, դատախազությունը, բոլոր մարմինները, որոնք վարում են հետաքննությունն ու նախաքննությունը, դատարանները դեռ մնացել են անցյալում: Դրանք բոլորը դեռ անցյալի չափորոշիչներով են աշխատում, թույլ են տալիս մարդու իրավունքների խախտումներ: Կամայական հանցագործության բացահայտման դեպքում անգամ ամենալուրջ, ամենածանր, ամենաաղմկահարույց հանցագործությունների բացահայտման դեպքում մարդու իրավունքների խախտում թույլ տալ չի կարելի: Ամենաչնչին խախտումն անգամ կարող է շատ լուրջ անդրադարձ կատարել ՀՀ իմիջի, վարկանիշի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ ընդունելի չեն իշխանության ներկայացուցիչների այն հիմնավորումները, թե նախկին իշխանություններն են ու նրանց օրոք ընդունված օրենքներն են մեղավոր այս իրավիճակի համար: «Մեր բոլոր այսօրվա իրավաբանները 21-րդ դարի իրավաբաններ են, նրանցից որևէ մեկը չի կարող պատճառաբանել, որ 1970-ական թվականների գործիչ է: Նրանք գիտեն մեր ժամանակները, 21-րդ դարի պահանջները, գիտեն, թե ինչպես պետք է աշխատեն: Եթե չեն աշխատում 21-րդ դարին համահունչ, նշանակում է՝ կանխամտածված սխալներ են թույլ տալիս կամ չգիտեն իրենց պարտականությունները: Անցյալն արդեն 8-9 ամիս անցյալում է, կանցնի ևս 2 տարի, մենք հո անընդհատ չենք կարող հղում կատարել անցյալին»,- ասում է նա:

Ըստ իրավապաշտպանի՝ մի բան հստակ է՝ յուրաքանչյուր մարդ, որը գտնվում է կալանավայրում, եթե անգամ դատարանը պարզի, որ նա մեղավոր է, իրավունք ունի բժշկական միջամտության ու օգնության: «Եթե այդ մարդը, ում մասին որոշումը եղել է, բժշկական միջամտության կարիք ունի և կունենա, ապա հասարակությունը, նախաքննության մարմինը, բոլորը ամեն ինչ պետք է անեն, որ այդ մարդը բժշկական օգնությունն ստանա ցանկացած պարագայում և բոլոր դեպքերում»,- հավելում է նա:

Ըստ մասնագետի՝ եթե 2018 թվականի մայիսից այս կողմ մենք պետք է աշխարհի կողմից շարունակենք դիտարկվել այնպես, ինչպես դիտարկվել ենք մինչ այդ, նշանակում է՝ մեր վիճակը տխուր է:

«Հետևաբար, իշխանությունների կողմից պետք է խնդիրներ դրվեն բոլոր բնագավառների նկատմամբ՝ գյուղատնտեսությունից սկսած մինչև իրավաբանություն, որ նրանք այլևս չպետք է լինեն այնպիսին, ինչպիսին նախկինում էին: Եվ այն, որ անցյալից ինչ-որ իներցիաների մասին խոսակցություններ, պատմություններ կան, դրանք չպետք է լինեն»,- եզրափակում է Վարդան Հարությունյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am