«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է. Fip.am

Մի շարք լրատվական կայքեր մայիսի 31-ին տեղեկություն են տարածել «Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի» վերնագրի ներքո: Այս տեղեկությունը սխալ է և հիմնված է փաստերի մանիպուլյացիայի վրա:

Համատեքստ. Հունիսի 1-ից կիրառվելու են ներպետական օրենսդրությունը և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ավելի վաղ ընդունված դրույթները, համաձայն որոնց, ավտոմեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հետևաբար, բոլոր այն մեքենաները, որոնց առջևի կողապակիները թաղանթապատված են կամ մգեցված, պետք է համապատասխանեցվեն նոր կանոնին, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվություն:

Մայիսի 31-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, մասնավորապես, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ թեմայի շուրջ քննարկման համար հանդիպել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ:

«Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով», — ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի ArmLur.am կայքը հրապարակեց տեղեկություն այն մասին, թե իբր «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի: Նույնաբովանդակ տեղեկություն տարածեցին նաև այլ լրատվամիջոցներ և սոցցանցային էջեր: Ընդ որում, ArmLur.am կայքը պնդում է, որ փաստորեն, հաստատվել է երկու օր առաջ օրաթերթի «տեղեկությունների համաձայն» արված մեկ այլ հրապարակում, ըստ որի, «իշխանության ներկայացուցչները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած՝ հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները:

Իրականում, ՆԳՆ հաղորդագրության համաձայն, խոսքն ընդամենը վարչական ներգործությունը նվազագույնին հասցնելու և բացատրական աշխատանքների միջոցով օրենքի կիրառությանը հասնելու մտադրության մասին է, և որեւէ հիշատակում չկա տուգանքներ չկիրառելու կամ թաղանթապատ ապակիներով երթեւեկելը «հանդուրժելու» մասին:

Այսպիսով, լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր իշխանությունները որոշել են տուգանք չկիրառել կամ անտեսել լուսաթափանցելիության կարգին չհամապատասխանող կողային ապակիները, սխալ է:

Հ. Գ. Մեր հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ՆԳ նախարարությունը հանդես եկավ լրացուցիչ հայտարարությամբ՝ հաստատելով, որ հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն: «Կիրառմանը զուգահեռ շարունակվելու են նաև բացատրական աշխատանքները», — ասվում է հայտարարության մեջ:

Հակոբ Կարապետյան

Fip.am