«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում՝ ելնելով թե՛ հայտարություններից, թե՛ համատեղ ասուլիսում հնչեցրած մտքերից:
– Արդեն իսկ այս մակարդակով հանդիպումը հուշում է, որ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, այլ խնդիր է, որ ի սկզբանե բոլորս գիտեինք, որ որևէ փաստաթղթի ստորագրմամբ այդ հանդիպումը չի ավարտվելու:
Այս հանդիպման գլխավոր մոտիվը թերևս եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունն է, որի շուրջ եթե ձևավորվի ինչ-որ համաձայնություն, ապա դա, բնականաբար, առաջին հերթին վերաբերելի կլինի ուկրաինական հակամարտությանը ու նաև մյուս տարածաշրջաններին, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց մի հանդիպումից հետո վաղաժամ է հեռուն գնացող ենթադրություններ անել:
Այսպես ասեմ՝ բանակցությունների դուռը լիդերների մակարդակով բացվել է, մեծ առաջընթաց գուցե չկա, բայց երկխոսության շարունակականության պատրաստակամություն միանշանակ կա:
Ասուլիսի ավարտին Պուտինը հրավիրեց Թրամփին պատասխան այցով Մոսկվա, որը, ըստ էության, չմերժվեց: Վստահ եմ, որ այդ այցը կլինի։ Իհարկե այսպես կոչված գլոբալիստական Արևմուտքը, առաջին հերթին խոսում եմ եվրոպական քաղաքական բյուրոկրատիայի մասին, ամեն ինչ անելու է, որ խանգարի, որովհետև ինքն ակնհայտորեն գործընթացից դուրս մնացած վիճակում է և, ուկրաինական խնդիրը շահարկելով, հատկապես դրանից է դժգոհում: Այդ հակազդեցությունը լինելու է, բայց լավատեսության որոշակի նշաններ էլ կան:
– Ասացիք, որ բարդ է ասել, թե ինչ կլինի այս հանդիպումից հետո, բայց կոնկրետ ուկրաինական պատերազմի մասով ո՞րն եք համարում ամենահավանական սցենարը:
– Դե ֆակտո այն տարածքները, որ ռուսական ազդեցության տակ են, ես կարծում եմ, այս փուլում չեն վերադարձվելու, կորեական մոդելով ինչ-որ համաձայնություն կլինի, ու պատերազմի դաշտում գծված սահմանը կդառնա դե ֆակտո սահման:
Ռուսների գլխավոր խնդիրն է, որ բացառվի Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, ու բացառվի նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների առկայությունն այնտեղ: Սա սկզբունքային հարց է, եթե Վաշինգտոնում ընդունեն այս կարմիր գիծը, խաղաղության կարգավորումը շատ ավելի արագ կլինի, բացառում եմ, որ Ռուսաստանը համաձայնի հրադադարին՝ առանց այս երաշխիքների: Մյուս կողմից՝ բացառում եմ, որ ԱՄՆ-ն կգնա բովանդակային խնդիրների քննարկման՝ առանց այլ հարցերի շուրջ համաձայնության գալու:
– Ի՞նչ այլ հարցեր:
– Ամեն դեպքում Ուկրաինան պետք է անվտանգության ինչ-որ երաշխիքներ ստանա՝ ՆԱՏՕ-ից դուրս, իսկ դա քննարկման թեմա է, որովհետև չի կարող այս հնարավոր խաղաղությունը հաստատվել՝ առանց Ուկրաինայի շահերը հաշվի առնելու:
– Պարո՛ն Սուրենյանց, ձեր գնահատմամբ՝ Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ անդրադարձ եղե՞լ է օրեր առաջ տեղի ունեցած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին: Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը կոնկրետ Թրամփի երթուղուն ինչպե՞ս է վերաբերվում:
– Բացառում եմ, որ երեք ժամվա ընթացքում ընդհանուր անդրադարձ չլիներ տարբեր թեմաների, այդ թվում՝ հարավկովկասյան։ Իհարկե դժվար թե դրանք առանցքային դարձած լինեն, բայց ընդհանուր համատեքստի մեջ անհնար է անտեսել այդ խնդիրները: Ենթադրում եմ, որ այդ խնդիրն էլ են քննարկել:
Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) վերաբերյալ՝ ի հակառակ շատ սպասումների, կառուցողական է, բայց դա չի նշանակում համաձայնություն այդ նախագծին: Եթե հիմք ընդունենք Օվերչուկի ձևակերպումը, ապա մոտավորապես կարող ենք այսպես ամփոփել․ «Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։
Ռուսաստանի նման կեցվածքի պատճառները, կարծում եմ, մի քանիսն են. ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է ԱՄՆ-ի հետ նոր ճակատ բացելուց, Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ, չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։
Մոսկվայի այսօրվա դիրքորոշումը մեծ հաշվով այնպիսին է, որից նա ցանկացած պարագայում չի տուժում․ եթե այդ նախագիծը տապալվի՝ առավելևս Մոսկվան ոչինչ չի կորցնում, իսկ եթե, այնուամենայնիվ, իրագործվի, ապա Մոսկվան փորձելու է ճնշումների միջոցով դրան մասնակից դառնալ և ունենալ իր քաղաքական ու տնտեսական դիվիդենտները:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ այդ նախագծի իրականացումն իրատեսակա՞ն է:
– Առայժմ այդ մասին խոսակցությունները համարում եմ հռչակագրային ու, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, շատ քիչ հավանական եմ համարում այդ նախագծի ռեալիզացիան, մանավանդ որ Թրամփի մոտեցումները առայժմ ոչ այնքան ինստիտուցիոնալ բնույթ ունեն, որքան անձնական նախաձեռնության մակարդակ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















