Ռուսաստանը աջակցում է ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված Հայաստան-Ադրբեջան համաձայնությանը. Օվերչուկ


Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Ռուսաստանը աջակցում է այս երկրի համար օգտակար ցանկացած քայլի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով այսպես կոչված «Թրամփի երթուղու» մասին հարցին։Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:


«Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ որևէ բան իր համար լավ է, ապա մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանին։ Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում այս հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին։ Սա լիովին համապատասխանում է մեր շահերին»,-ասել է Օվերչուկը լրագրողներին Ղրղզստանում։

Նրա խոսքով՝ «բնականաբար, համաձայնությունների շրջանակում, որոնք կարող էին ձեռք բերվել, կան որոշ նրբություններ, որոնք պետք է հստակեցվեն հայկական և ադրբեջանական կողմերի հետ»։

«Մենք շատ զգուշավոր ենք մոտենում այս հարցին, քանի որ կարծում ենք, որ ցանկացած ոչ տարածաշրջանային խաղացող, որը կարող է հայտնվել այստեղ, կարող է խախտել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ բերելով բացասական հետևանքների»,-նշել է Օվերչուկը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս թեման քննարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասել է. «Մենք այս մասին բոլորի հետ ենք խոսել»։ Օվերչուկը նաև հավելել է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արևի հետ։