«Եթե շատ բեկումնային փոփոխություններ չարվեն, ընդ որում՝ առաջիկա ամիսներին, Հայաստանը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, որքանո՞վ են հայաստանյան ներքաղաքական կյանքում կատարվող իրադարձությունները համարժեք ստեղծված իրավիճակին։

– Բացարձակ անհամարժեքություն է, ու դա վերաբերում է բոլոր բևեռներին։ Իշխանությունը հասարակության հետ ընդհանրապես չի կոմունիկացվում, մենք բացարձակապես անտեղյակ ենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում մեր երկրի շուրջ, այսինքն՝ մենք անգիր գիտենք ադրբեջանական օրակարգերը, անգիր գիտենք՝ Ռուսաստանն ինչ է ուզում, ԱՄՆ-ն ինչ է ուզւմ, բայց այդպես էլ չենք հասկանում՝ որն է հայկական օրակարգը։

Ակնհայտ է, որ արտաքին անվտանգային ճգնաժամը շատ խոր ներքաղաքական ճգնաժամ է ստեղծել Հայաստանում։ Ճիշտ է, դա ակտիվ ինչ-որ դրսևորումներով աչքի չի ընկնում, բայց դա ժամանակի խնդիր է, անկասկած, որևէ իրադարձության պարագայում երկրում ցնցումներ են սպասվում, ավելին ասեմ՝ մեկ շաբաթ առաջ Հայաստանը հրաշքով փրկվեց քաղաքացիական պատերազմից կամ բախումներից, երբ վարչապետի մի ելույթի պատճառով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ու քանի որ այդ մարդիկ, ըստ էության, չէին կոորդինացվում որևէ մեկի կողմից, ուղղակի շատ մեծ էր բախումների հավանականությունը, ու դարձյալ, շնորհիվ մեր քաղաքացիների զգոնության, այդ բախումները տեղի չունեցան։

Խորհրդարանական ընդդիմությունն էլ բացարձակապես իներտ վիճակում է, մենք չենք տեսնում դիրքորոշումներ, իշխանությանն ուղղված պահանջներ, լսում ենք միայն հրաժարականի պահանջ կամ էլ հայտնի կարգախոսներ, բայց սա մի իրավիճակ է, որ խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր էր իշխանությունից բացատրություն պահանջել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որովհետև, դատելով արտահոսքերից, Հայաստանը կանգնած է պետականության շատ լուրջ կոլապսի առաջ, ու պայքարի այդ ստանդարտ մեթոդներն այլևս ոչինչ չեն տալիս։

– Իսկ իշխանությունը կանսա՞ այդ պահանջին։ Անպայման պետք է պահա՞նջ լինի, որ իշխանությունը հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրի տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

– Իհարկե ո՛չ, իշխանությունը պարտավոր է ինքը ներկայացնել ինֆորմացիան, ի վերջո, եթե ընդդիմության ինստիտուտը ինչ-ինչ պատճառներով չի հարգում, հասարակությանը պարտավոր է հարգել, բայց տեսնում ենք, որ մեր իշխանությունը բացարձակ անհաշվետու է։

Օրինակ՝ չենք հասկանում, թե ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ այս ճգնաժամը, արդյոք Ռուսաստանը ինչ-որ պահանջնե՞ր է դրել Հայաստանի առաջ, որոնք դուրս են հայտնի եռակողմ հայտարարության համատեքստից, թե՞ Նիկոլ Փաշինյանն է ստանձնած պարտավորություններից փորձում հետ կանգնել, ինչի հետևանքով առաջացել է այս ճգնաժամը։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ իրավունք չունենք ենթադրություններ անելու, բայց մենք չենք տեսնում իշխանության կողմից ադեկվատություն, հաշվետվողականություն, տարրական հարգանք հասարակության հանդեպ։

– Հասարակության հետ այդ շփումը ինչո՞ւ չկա, վախենում են հանրության հնարավոր արձագանքի՞ց, պարո՛ն Սուրենյանց։

– Նիկոլ Փաշինյանը քաղաքական պատասխանատվությունից փախչում է, ակնհայտ է, նա չի ուզում խոսել ցավոտ զիջումների մասին, որպեսզի իրեն չփակցնեն «դավաճան», «կապիտուլյանտ» պիտակները։ Մեկ անգամ նման փորձ արեց անցած շաբաթ՝ բավականին հստակ ներկայացնել իրավիճակն ու իր օրակարգը, բայց ընդամենը մեկ կամ երկու ժամվա ընթացքում խմբագրեց իր ելույթը՝ վախենալով իշխանության կորստից, որովհետև մարդիկ դուրս էին եկել փողոց։

Նիկոլ Փաշինյանը գերադասում է, որ հնարավոր զիջումների մեսիջները մեզ հասցնի ադրբեջանական կողմը, այսինքն՝ կարծես թե իր վրայից պատասխանատվությունը գցելով ցանկանում է, որ հասարակությունը հայտնվի այնպիսի անելանելի վիճակում, որ զիջումները անխուսափելի համարի։

Սա քաղաքական անպատասխանատվության դասական օրինակ է, որովհետև իշխանության հապաղման, անպատասխանատվության հետևանքով մենք ունենում ենք տարածքային կորուստներ, հարյուրավոր զոհեր ու, ի վերջո, ավելի թանկ գին ենք վճարելու հնարավոր խաղաղության համար։ Ինչքան էլ ցավոտ լինեն զիջումները, իշխանությունը պարտավոր է դրա մասին խոսել ոչ թե հերթական ապտակից հետո, այլ ստանդարտ իրավիճակում։

– Իսկ այն իրավիճակը, որ հասարակության, նաև տարբեր քաղաքական գործիչների մի մասը պաշտպանում է ԱՄՆ-ին, մյուսը՝ Ռուսաստանին, կոչեր են անում անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ այս կամ այն կողմի, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ։

– Ես չեմ հասկանում գործիչների, որոնք իրենց դիրքավորում են ռուսամետ կամ արևմտամետ ճամբարներում, այդ բաժանումները նույնիսկ անիմաստ եմ համարում հիմա, որովհետև Հայաստանն այնքան է կորցրել իր սուբյեկտությունը, որ մենք նախ մեր երկրի սուբյեկտությունն ու ինքնիշխանությունը պետք է վերականգնենք, հետո նոր կողմնորոշումների մասին մտածենք։

ՀԱՊԿ-ի մասին իմ կարծիքը բազմիցս եմ արտահայտել, դեռ այն ժամանակ, երբ շատերը չէին համարձակվում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի մասին խոսել։ Այն անարդյունավետ կառույց է, անվտանգության առումով գրեթե ոչինչ չի տալիս Հայաստանին, բայց դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն արդարացված է, որովհետև մենք կարող ենք բախվել այնպիսի ռիսկերի, որոնց հետևանքներն ավելի ծանր լինեն, քան 44-օրյա պատերազմինը։

Մենք կարող ենք երկիրը մոտեցնել Ալեքսանդրապոլ 2-ի, որովհետև չի կարելի թեկուզ վատ անվտանգային համակարգից դուրս գալ, եթե դու չունես այլընտրանք։ Դատելով Փելոսիի հրապարակային ելույթներից, մյուս արևմտյան գործընկերների ելույթներից՝ բացարձակապես չեմ տեսել, որ մենք արևմտյան որևէ երկրից անվտանգության բավարար երաշխիքներ ստանանք, կամ առաջարկեն։ Այո՛, Հայաստանը պարտավոր է զարգացնել իր հարաբերությունները նաև արևմտյան երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ դա պետք է բերի վեկտորալ փոփոխության։

 – Եթե և՛ իշխանության, և՛ հասարակության գործելաոճը չփոխվի, ի՞նչ սպասենք՝ նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ։

– Մեր ամենակարևոր տոնի նախաշեմին չէի ուզենա հոռետեսական գնահատականներ տալ, բայց մեր արտաքին ու ներքին անվտանգությունը կանգնած է փլուզման եզրին։ Մենք տեսնում ենք արտաքին այնպիսի մարտահրավերներ, որոնք կարող են սպառնալիք դառնալ մեր պետության գոյությանը, ինչի հետևանքով մենք տեսնում ենք ներքին անվտանգային համակարգի փլուզում, որովհետև ցանկացած պահի Հայաստանում կարող են սկսվել դժգոհություններ, ընդ որում՝ տարբեր առիթներով։ Եթե շատ բեկումնային փոփոխություններ չարվեն, ընդ որում՝ առաջիկա ամիսներին, Հայաստանը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ, ընդհուպ ինքնիշխանության էական սահմանափակում, Աստված մի արասցե՝ գուցե տարածքային զիջումներ, որովհետև այդպիսին է այն համատեքստը, որում գտնվում է Հայաստանը։

Փակուղային վիճակում ենք նաև այլ խնդրում․ մի իրավիճակ է, երբ արտահերթ ընտրություն պահանջելն ու այն անցկացնելը ադեկվատ չէ, որովհետև արտաքին մարտահրավերներն այս պահին դրա հնարավորությունը չեն տալիս։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունն իր այս որակներով երկիրը ղեկավարել չի կարողանում, ու մենք ամեն առիթով ավելի ենք համոզվում, որ Հայաստանի վիճակն ավելի խոցելի է դառնում։

Լուծման տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցություններ անցկացնի ու իսկապես այլ ուժերի հետ համաձայնությամբ քննարկեն նոր վարչապետի ընտրության հարցը։

 – Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ինչ-որ առումով կօգնի՞ այս իրավիճակից ելքեր գտնելու։

– Գլոբալ առումով Հայաստանը չի կարող այլ պատկեր ունենալ, քան նոյեմբերի 9-ի ստատուս քվոն է ենթադրում։ Բայց կա շատ կարևոր բան․ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դուրս գալ պատերազմում պարտված ղեկավարի բարդույթից։ Մի կողմից չի կարողանում հասարակության հետ ցավոտ զիջումների մասին խոսել, մյուս կողմից, ըստ իս, խճճվել է արտաքին տարբեր կենտրոնների հյուսած սարդոստայնում ու ավելի է խճճում իրավիճակը։

Եթե ակնհայտորեն տեսնում ենք, որ Փաշինյանը ձախողել է, որևէ նոր ղեկավարի ընտրություն գոնե շանս է համատեքստը փոխելու, ասում եմ՝ գլոբալ փոփոխություններ չպետք է ակնկալենք, բայց նոր ղեկավարի գալով կարող է թուլանալ ներքաղաքական լարվածությունը, կարող է տեղի ունենալ կոնսոլիդացիա հասարակության ու քաղաքական ուժերի շուրջ, թեկուզ ժամանակավոր, և այդ նոր ղեկավարը բարդութավորված չի լինելու պատերազմի պարտության այդ ծանր բեռով։ Նոր մարդու ներկայությունը որոշակիորեն կարող է փոխել բանակցային համատեքստը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am