«Իշխանությունները չեն ցանկանում գնումների օրենսդրությանը ենթարկվել և օրենքը շրջանցելու քայլեր են ձեռնարկում»․ Դավիթ Խաժակյան

29-04-2019
166 դիտում
«Իշխանությունները չեն ցանկանում գնումների օրենսդրությանը ենթարկվել և օրենքը շրջանցելու քայլեր են ձեռնարկում»․ Դավիթ Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

- Պարո՛ն Խաժակյան, «Մեդիալաբը»  պարզել է, որ Քաղաքացու օրվա համար նախագծված և ձևավորված պաստառները մեկ անձից կատարվող գնման միջոցով պատվիրվել են 2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը: Պարզվում է, որ այս ընկերությունը պարբերաբար արտոնյալ կարգավիճակում է եղել: Դուք էլ վերջին շրջանում բարձրաձայնում եք հարցը, որ դարձյալ մեկ անձից գնման տարբերակով Երևանի քաղաքապետարանը աղբահանության «ԿամԱԶ»-ներ է փորձում ձեռք բերել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մեր իշխանությունները չեն ցանկանում գնումների օրենսդրությանը ենթարկվել, անընդհատ տարբեր պատճառաբանություններով նրանք օրենքը շրջանցելու քայլեր են ձեռնարկում: Գոնե Երևանի քաղաքապետարանի մասով ես դա կարող եմ հստակ պնդել:

- Ի՞նչ է ձեզ հաջողվել վերջին շրջանում պարզել, ովքե՞ր են օգտվում մեկ անձից կատարվող գնումներից, իշխանամերձ շրջապատի անձի՞նք են նրանք:

- Ես, բացի «ԿամԱԶ»-ներից գործարքից, ուսումնասիրել եմ նաև քաղաքապետարանի այլ գնումները, դրանց մասին իմ մտահոգությունները հայտնել եմ: Հիմա՝ թե ով ում ծանոթն է կամ ով է այս ամենի հետևում կանգնած, ես չգիտեմ: Բայց այն, որ մեկ անձից գնումներով մեծ չափի գնումներ են կատարվում, դա բացասական եմ գնահատում:

- Իսկ այս գործընթացում կոռուպցիոն սխեմաներ կարո՞ղ են լինել:

- Ժամանակը ցույց կտա: Ես ասել եմ, թե ինչի վտանգ եմ տեսնում «ԿամԱԶ»-ների գնման պարագայում, ես նկատի ունեմ հակամրցակցային համաձայնությունը: Դեռևս գործընթացներ կան, որոնց ես անպայման կհետևեմ, և պարզ կլինի, թե ի՛նչ է իրականում թաքնված այս գնման տակ:

- Կոնկրետ ի՞նչ քայլեր եք անում:

- Կոնկրետ «ԿամԱԶ»-ի դեպքով ես ժամանակին բարձրաձայնեցի այդ խնդիրը, և այսօր գոնե այդ 24 մեքենայի ձեռքբերումը կասեցված է: Դատական գործընթաց է սկսվել: Դատական գործընթացը շրջանցելով՝ կառավարության միջոցով համաձայնություն ձեռք բերվեց, որոշում կայացվեց թույլ տալ քաղաքապետարանին այդ մեքենաները մեկ անձից կատարվող գնումներով ձեռք բերել: Ես կարող եմ ասել, որ արդեն 5 «ԿամԱԶ»-ի գնման պայմանագիրը երեք օր առաջ կնքվել է, 5 նոր մեքենա պետք է բերեն: Կբերեն, կախված մոդելից՝ կհասկանանք, թե ի՛նչ է կատարվում: «ԿամԱԶ Արմենիա» ընկերությունից են ձեռք բերում այդ մեքենաները:

- Դուք կասկածներ ունեք, որ կոնկրետ անձի կամ անձանց համա՞ր է կազմակերպվել այդ գնումը:

- Ես ասել եմ, որ ժամկետներն ու տեխնիկական բնութագրերը նախօրոք գրված են կոնկրետ «ԿամԱԶ»-ի համար: Եվ դա դե յուրե ապացուցված է, որովհետև գնումների բողոքարկման խորհուրդը իմ որոշմամբ դա արձանագրել է: Եվ քանի դեռ դատարանը դա չի վիճարկել և այլ բան չի պնդել, դա շարունակում է մնալ ճիշտ:

- Նախկին իշխանություններին շատ էին քննադատում այս գործելաոճի համար, կարո՞ղ ենք ասել, որ պատմությունը կրկնվում է:

- Կարող ենք արձանագրել, որ նոր իշխանությունները չեն ցանկանում ենթարկվել գնումների օրենսդրությանը:

- Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ նման երևույթների դեմ պայքարելու համար:

- Նախ պետք է ուշադիր լինել այդ գնումներին, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ աչքերը փակում են այդ ամենի վրա և համարում են, որ այս իշխանություններն ինչ անում են, մշտապես օրենքին համապատասխան են անում: Մինչդեռ բազմաթիվ դեպքերով մենք համոզվել ենք, որ դա այդպես չէ: Պետք է ուշադիր լինել, այդ գործընթացներին հետևել, նաև իրավական ճամապարհով փորձել դրանք կասեցնել:

- Երևանի ավագանու անդամների կողմից նման դեպքերում իրավապահներին հաղորդում ներկայացնելու մեխանիզմներ կա՞ն, եթե այո, կօգտվե՞ք դրանցից:

- Քաղաքացու օրվա միջոցառումների գնումները կոնկրետ քաղաքապետարանը չի հայտարարել, կառավարությունն է պատասխանատու: Հստակ չեմ կարող ասել, այդ դեպքում ի՛նչ մեխանիզմ կա: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի գնումներին, այո՛, ավագանին նման լիազորություն ունի: Եվ ես կարծում եմ՝ այդ գործընթացը դեռ առջևում է:

- Այսինքն՝ դուք չե՞ք բացառում, որ քաղաքապետարանի գնումների մասով կարող եք դիմել իրավապահներին:

- Ոչ միայն չեմ բացառում, այլ նաև համոզված եմ, որ եթե ես գնման կայացումից հետո տեսնեմ այն խնդիրը, ինչի վերաբերյալ կասկածներ ունեմ, միանշանակ իրավական ճանապարհով փորձելու եմ դա վիճարկել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am