Սասուն Միքայելյան & frends. Սիրո և հանդուրժողականության կամանդիռները

Մհեր Արշակյան

«Իմ քայլը» խմբակցությունը խոր և անհաղթահարելի թյուրիմացության մեջ է։ Վարչապետի հետ միասին ձեն ձենի տված ասում են՝ Էդմոն Մարուքյանը սադրել է։ Հետո՞։

Մարուքյանը սադրել էր Սասուն Միքայելյանին։ Կողքից խփողներին է՞լ էր սադրել։ Ի՞նչ է արել, որ սադրել է։

Ընդամենը քայլ է արել ԱԺ ամբիոնից Սասուն Միքայելյանի ուղղությամբ, որպեսզի հասկանա, թե ինչպես են «ցխելու» իր գլուխը։ Այո՛, այդ քայլը չպետք է աներ։ 

Եթե Միքայելյանը չխփեր, ո՞վ էր Մարուքյանի քայլի անունը դնելու սադրանք։ Ոչ մեկը չի խոսում այն մասին, որ սադրանքն արել է Սասուն Միքայելյանը։

Եթե սադրանքը բուն բռնությունը չէ, ուրեմն սադրանքը հենց «կամանդիռ»-ից էր՝ կտամ գլուխդ կցխեմ։ Սա դեռ հերիք չէ, պարոն Միքայելյանը ծեծկռտուքից հետո հույս ունի կտրել Էդմոն Մարուքյանի վիզը։ Այս ամբողջ նախնադարյան սպառնալիքը դնենք մի կողմ։ 

Վարչապետը շատ վտանգավոր է զարգացնում այդ լարումը։ Նա դատապարտում է տեղի ունեցածը, համարում է իր և թիմի գլխավոր պարտությունը երկու տարվա ընթացքում, բայց հետո շարունակում է՝ Մարուքյանը և իր խմբակցությունը սերժականների և քոչարյանականների սպասարկուն է։

Եթե նույնիսկ ճիշտ ես, հասարակության հետ այդպես չեն խոսում։ Դա նշանակում է, որ դու խորհրդարանական նոր ընտրություններ պետք է անես հենց այսօր։

Ո՞ւր են ընտրություններդ։ Ժողովուրդը մերժել է Սերժ Սարգսյանին և նրան սպասարկող, նրա հետ խաղացող ուժերին։

Ո՞ւր են ընտրություններդ։ Հեղափոխությունից երկու տարի հետո Էդմոն Մարուքյանը դավաճանե՞լ է իր օգտին քվեարկողներին, որոնք հաստատ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չեն տվել իրենց քվեն։

Ո՞ւր է նրանց դժգոհությունը։ Տաքացե՞լ եք, խփե՞լ եք մարդուն, էդ մասին խոսեք։ Քրեական գործ հարուցեք, դատաբժշկական փորձաքննություն նշանակեք, մարդը գլխին հարված է ստացել։

Ո՞ւր է այդ քաղաքակրթական «պրոցեդուրան»։ 

Ես վստահ եմ, որ այդ միջադեպը դիտածների 80 տոկոսը շարունակում է հավատարիմ մնալ «Իմ քայլին», բայց վարչապետի ելույթը ազդարարեց «սիրո և հանդուրժողականության» ավարտը։

Հիմա արդեն կարելի է իմքայլական լինել մարդու գլուխը ցխելով։ Այսինքն՝ ցխելն անխուսափելի է, ուղղակի սադրել պետք չէ։

Սա է վարչապետի հիմնական ուղերձը՝ սադրողը կցխվի։

Պատասխան տվող կողմ չկա։ Առավելագույնս՝ դատապարտում ենք ու անցնում առաջ։ Սասուն Միքայելյանն ու կողքից խփողներն էլ իրենց դատապարտված զգացին։ 

Ենթադրենք՝ Էդմոն Մարուքյանի մանկության երազանքն է աջ ու ձախ սադրելը։ Ու հաստատ էլի է սադրելու։ Եվ ի՞նչ։

Վերացրեք ձեր միջից էն միջավայրը, էն անձնակազմը, որը սադրանքներին ընդառաջ է գնում, վերացրեք ձեր միջից «գլուխդ կցխեմ» մտածողությունը։

Եվ եթե այդ գլուխը իսկապես ցխելու է, դուք պատասխանատու եք, որ այն մնա մարդու ուսերին, հեռացրեք Մարուքյանին խորհրդարանից։ Կամ՝ Սասուն Միքայելյանին ու Վահե Ղալումյանին և մյուս տաքգլուխներին։ 

Մենք ստիպված ենք, չէ՞, հաշտվել կորոնավիրուսի գոյության հետ, քանի դեռ պատվաստանյութը չեն գտել։ Հաշտվեք Էդմոն Մարուքյանի գոյության հետ մինչև ընտրություններ։

Հաշտվեք մի մարդու գոյության հետ, որն ասում է, որ երեկ վարչապետի հետ սուրճ է խմել արցախյան հարցի թեմայով, այսօր պարզվում է, որ վարչապետը բոլորովին այլ թեմայով է խոսել նրա հետ, ու դրանից պարոն Մարուքյանի գլխին կարող էին «կոտոշներ» աճել։ 

Ոչ մի, լսո՞ւմ եք, ոչ մի պարագայում չի կարելի արդարացնել բռնությունը։ Նույնիսկ սադրանքը չպետք է դառնար թեմա։ Դեպքը պետք է դատապարտվեր սադրանքից անկախ։

Մոռացեք, թե ով է սադրել, մոռացեք, թե ինչ գործ ուներ Մարուքյանը, որտեղ իրականում գործ չուներ։ Կամ նրան հայտարարեք «թուրք», որը խախտել է հայ-ադրբեջանական սահմանը։

Էդմոն Մարուքյանն առաջինը չի հարվածել։ Խորհրդարանի ամբիոնից այսօր նա չի ասել մի բան, որի համար կարելի էր նրա գլուխը ցխել։

Հանեք սադրանքը ձեր գլխից, համբերեք մինչև ընտրություններ։ Կամ խորհրդարանում Էդմոն Մարուքյանի և բոլոր սադրիչների համար բացեք բռնցքամարտի խմբակ։

Նրանք բռունցքներից պաշտպանվելու իրավունք ունեն, քանի դեռ այլ պաշտպանող չկա։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am