Անցյալի ու ներկայի արանքում. հնաոճ ժամացույցը թխկթխկում է, իսկ կուժերը` իրենց կյանքի պատմությունով ամբողջացնում են հնավաճառի սիրած գործը

06-11-2010
460 դիտում
Անցյալի ու ներկայի արանքում. հնաոճ ժամացույցը թխկթխկում է, իսկ կուժերը` իրենց կյանքի պատմությունով ամբողջացնում են հնավաճառի սիրած գործը

Սամվել Առաքելյանն իր կյանքում այնքան շատ կուժ է հավաքել, որ եթե կողք կողքի շարի, դրանք կձգվեն 500 մետր: Տեսականին բազմազան է` ամենամեծ կուժը 1,5 մետր բարձրություն ունի, ամենափոքրը 3 սմ է:

48-ամյա վանաձորցին դեռ մանկությունից հնաոճ իրերի նկատմամբ անտարբեր չի եղել. շատ է սիրել խեցեղեն աշխատանքներ, կժեր, նման իրերը պահել-փայփայել է, դեն չի գցել:

«Իմ կյանքն առանց հին իրերի, գեղեցիկի չեմ պատկերացնում, ասես կյանքիս իմաստն են դարձել»,- ասում է նա:

Հիշում է՝ երբ փոքր տղա էր, հոր ձեռքը բռնած թանգարաններ էր այցելում, խոշոր ու զարմանքով լի աչքերը գցում էր այս կամ այն հնաոճ իրին և երկար-երկար նայում:

Մանկական հիշողությունների մեջ տպավորվել է հատկապես Թիֆլիսում հոր հետ անցկացրած մի պայծառ օր, երբ կարճ ժամանակահատվածում հասցրել են երեք թանգարան այցելել:

«Նորից փոքր լինեի, հայրս ձեռքս բռներ, երեխայի մանրիկ քայլերով շրջեինք թանգարաններով»,- մանկական անուրջների գիրկն է ընկնում Սամվելը:

«Փոքրուց շատ գեղեցիկ իրեր եմ տեսել, երազել եմ դրանք ունենալ և ունեցել եմ,- ասում է: - Եթե մի բան տեսնում ես ու խիստ ես ցանկանում, ապա դա կատարվում է: Ցանկության ժամանակ էլ պիտի շատ զգույշ լինես, որովհետև եթե շատ ուզենաս, անպայման կկատարվի»:

Արդեն 17 տարի է, ինչ վանաձորցի գեղանկարիչն ամեն առավոտ արթնանում է և շտապում աշխատանքի: Բացում է իր ձեռքերով կառուցած «Կժեր» գեղարվեստի սրահի դուռն ու ներս մտնում:

«Ժամացույցը պետք ա չխչխկա, որ իմանաս՝ ժամանակը գնում ա, թե չէ հիմիկվա ժամացույցները չեն չխչխկում, մարդիկ մոռացել են, որ ժամանակն ամենաթանկ ունեցվածքն է»,- ասում է հնաոճ իրերի սիրահարը:

Անցյալ դարասկզբի հնաոճ ու աղմկոտ ժամացույցի սլաքները ծանր քայլերով կանգ են առել 10-ի վրա, իսկ անկյունում ամրացված կարմիր երանգներով ժպտերես հուշանվեր-տիկնիկն աչքով է անում:

Սամվելը համբերատար կարգի է բերում իր սիրած անկյունը. խնամքով ավլում է հատակը, սրբում իրերի վրա գիշերը նստած փոշին ու իր փոքրիկ թանգարանի գույնզգույն ձկներին կեր տալիս:

Սրահում, չնայած ժամանակային տարբերությանը, հանգիստ, հնի ու նորի նրբաճաշակ համադրությունը ներդաշնակության մեջ ամբողջանում է:

Գեղարվեստի սրահում իրար հետ կողք կողքի սիրով գոյակցում են 3000 տարվա վաղեմություն ունեցող քրեղանը՝ կավե ամանը, նախամարդու ձեռքով պատրաստված մաղը, մոտ 80 տարեկան ածուխով աշխատող արդուկը, հնաոճ հեռախոսներ, ռադիո, ֆոտոապարատներ, մոտ 80 տարեկան ինքնաեռ, ժամացույց, տարբեր ազգերի մետաղադրամներ ու թղթադրամներ և միաժամանակ նոր իրեր:

«Իրար չեն վանում, իրար հարևանությունից չեն բողոքում,- ասում է Սամվել Առաքելյանը: - Մի 100 տարի հետո նորերն էլ են հին դառնալու, մեկը մյուսի շարունակությունն է: Հները մեր պապերն են սարքել, նորերը՝ նրանց երեխաները»:

Իր կյանքի երազանքն իրականություն դարձրած արվեստագետին Լոռիում բոլորն են ճանաչում: Գիտեն` մի հին իր գտնեն, անմիջապես բերում են, վաճառում: Ինքն էլ գնում է, հետո կա´մ պահում է, կա´մ վերավաճառում:

Ինչպես ինքն է ասում, իր սրահի հաճախորդները նրբաճաշակ, արվեստից հասկացող մարդիկ են: Սրահից գնումներ են անում թե´ տեղացիները, թե´ մայրաքաղաքի ու օտարազգի հյուրերը:

Իրեր կան, սակայն, որոնք Սամվելն ասում է, որ երբեք չի վաճառի. հին կոմոդը, ներկապնակ-ժամացույցը, իր յուղաներկ նատյուրմորտները:

Մեծ ակնածանքով է խոսում` իր ասելով` նախամարդու ձեռքով սարքած մաղի մասին, որը 7 տարի առաջ վերնիսաժից է գնել:

«Յուրօրինակ է, դրա նման երկրորդը երբեք չեմ հանդիպել»,- ասում է նա` շեշտելով, թե դա էլ երբեք չի վաճառի:

3000 տարեկան քրեղանը, որի մեջ հին ժամանակներում մարդիկ պատրաստել են իրենց հանապազօրյա ուտելիքը, ստեփանավանցի մի բնակիչ այգին փորելիս է գտել, բերել ու վաճառել է Սամվելին:

Իսկ 70-80 տարվա պատմություն ունեցող կոմոդը, որ այժմ օգտագործում է թեյի բաժակներն ու ուտելիքը պահելու համար, այրելուց է փրկել:

«Կոմոդը շատ մեծ չարչարանքով ենք հավաքել, վառում էին քանդած վիճակում: Ասին` վառում ենք, փետ չունենք: Մի քանի մեշոկ փետ ենք տվել, փող էլ ենք տվել, բերել ենք, քանդված վիճակում, թափելու բան էր, 2-3 ամսվա ընթացքում հավաքել ենք»,- իր սիրած կոմոդի պատմությունն է անում Սամվելը:

Ամենաթանկ իրը, որ երբևէ վաճառել է, 1675 թ. ռուսական զանգն է: Հիշում է՝ դեռ մեկուկես տարի առաջ այն զարդարում էր սրահի պատերը: Ստեփանավանցի ընկերոջ այգին փորելիս էր գտել: Մի արտասահմանցի նրա համար 300 եվրո է վճարել:

«էդ արտասահմանցու խելքը գնաց զանգի համար, առավ, էլ չնայեց` ինչքան ա տալիս,- հիշում է նա,- շատ էր դուրը եկել»:

Սակայն, անսովոր այցելուներ, որոնք պատրաստ են միանգամից նման գումար վճարել հնաոճ իրերի համար, հաճախ չեն հանդիպում մարզային Վանաձորում: Այնուամենայնիվ, Սամվելն ասում է, որ չնայած առօրյա դժվարություններին` կարողանում է ընտանիքի հացն ապահովել, սոված չեն մնում:

Ասում է, որ այդ գործն իր մասնագիտությանն առնչվող բիզնես է, բայց եթե դա էլ չլիներ, արդեն երկրից հեռացած կլիներ:

Ըստ նրա՝ այսօր արվեստագետի համար Հայաստանում աճելու և արժանավայել ապրելու պարարտ հող չկա:

«Մեր հանրապետությունում արվեստագետների համար ամեն ինչն էլ դժվար է: Եթե նվիրումն էլ չլիներ, չէին մնա, կգնային: Գնացողներն ուրիշ հնար չունեն,-սրտնեղում է,- օրենքների պակաս կա, մեզ մոտ օրենքը բոլորի համար չէ: Էն երկրները, որ աճել են, զարգացել, այնտեղ օրենքը գործել է, բոլորի համար է եղել: Իսկ այստեղ մարդիկ իրենց անպաշտպան են զգում: Արվեստագետներն ավելի խոցելի են. նրանց զգացածն ուրիշներն ավելի ուշ են զգում կամ չեն զգում: Դրա համար էլ ավելի խոցելի ենք ու շուտ հուսահատվող»:

Ասում է, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի:

«Եթե, օրինակ, կրթության և գիտության նախարարը կրթության հետ կապ չունի, ապա այդ ոլորտը կտապալվի: Շատ բանում էլ մենք ենք մեղավոր. եթե մի մարդ 8-րդ հարկից ցելոֆանով աղբը շպրտում ա, վարչապետն այդտեղ ի՞նչ մեղք ունի»,- հարցնում է նա:

Այս պայմաններում, սակայն, ինքն իրեն երջանիկ է զգում, իրենից քիչ ունեցողների հետ է համեմատվում ու չի նախանձում իրենից շատ ունեցողներին:

«Ձեզնից քիչ ունեցողների հետ համեմատվեք ու երջանիկ կլինեք, թե չէ սկսում եք միլիարդատերերի հետ համեմատվել, այդ պատճառով էլ ձեզ դժբախտ եք զգում»,- խորհուրդ է տալիս մասնագիտությամբ գեղանկարիչ Սամվելը:

Եթե հնար լիներ, եթե շատ փող ունենար, իր սրահը կմեծացներ ու «էնպիսի իրեր կդնեի, որ մարդիկ մինչ օրս չեն տեսել»,- ասում է հնաոճ ու կյանքի պատմություն անցած իրերին սիրահարված Սամվել Առաքելյանը, որը համոզված է, որ «սրտով ցանկացածը մի օր անպայման իրականություն է դառնում»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am