ՍԴ ճգնաժամը՝ հասկանալի լեզվով. Fip.am

20-06-2019
ՍԴ ճգնաժամը՝ հասկանալի լեզվով. Fip.am

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Նա իր ելույթում հայտարարեց, որ այսօր այս երդումը տալով՝ դառնում է Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը: Գրիգորյանը, սակայն հավելեց, որ կստանձնի նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, այնինչ վերջին մեկ տարում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկան։

«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը՝ այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս՝ որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում՝ ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին…»,- հայտարարեց Գրիգորյանը։

ՍԴ անդամի և դատավորի հնարավոր տարբերությունը

Բանն այն է, որ 1995 թվականի Սահմանադրությամբ (2005 թվականի փոփոխություններով), ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի օրենքով կար «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոն: Սակայն թե՛ Սահմանադրության այդ նորմերը և թե՛ նշված օրենքը գործել են միջև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը։

2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ են մտել 2015 թվականի Սահմանադրության 7-րդ (Դատական իշխանության մասին) գլուխը և «Սահմանադրական դատարանի մասին» նոր՝ սահմանադրական օրենքը, որոնցով, արդեն, «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոն գոյություն չունի: Փոխարենը՝ այս կարգավորումներով առկա է «Սահմանադրական դատարանի դատավոր» պաշտոնը:

Նոր՝ 2015 թվականի Սահմանադրության անցումային և եզրափակիչ դրույթներով (մասնավորապես, 213-րդ հոդվածով) նախատեսված է, որ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: Այսինքն, գործող Սահմանադրությամբ, թեև նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել, սակայն ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ գործող այլ իրավական ակտերով նման պաշտոն գոյություն չունի:

Թեև, այստեղ առկա է օրենքի չափազանց տեխնիկական մեկնաբանություն, եթե ընդունենք, որ Սահմանադրական դատարանի դատավորն ու Սահմանադրական դատարանի անդամը նույն բանը չէ, ապա իրոք՝ ստացվում է, որ Հայաստանում այս պահին կա Սահմանադրական դատարանի միմիայն երկու դատավոր (Վահե Գրիգորյան և Արման Դիլանյան, որոնք ընտրվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո):

Նույն տրամաբանությունը շարունակելու դեպքում նաև հարց է առաջանում ՍԴ-ի կողմից վերջին 14 ամսվա ընթացքում կայացված որոշումների՝ առ ոչինչ լինելու մասին, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները կայացվում են դատավորների (և ոչ անդամների) ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ավելին, հարց է առաջանում ՍԴ անդամների վարձատրության մասով, քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով աշխատավարձ նախատեսված է հենց Սահմանադրական դատարանի դատավորի (և ոչ անդամի) համար:

Ու թեև ՍԴ դատավոր և անդամ եզրույթներն ակնհայտ տարբեր են հնչում, սակայն դրանց էությունը նույնն է, և հիմնավոր է նաև այն մոտեցումը, որ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածը փաստացի ենթադրում է, որ Սահմանադրության այդ դրույթների ուժի մեջ մտնելուց (2018 թ. ապրիլի 9-ից) հետո ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:

ՍԴ նախագահի հարցը

Ի տարբերություն ՍԴ դատավորների, որոնց պարագայում առկա են «դատավոր» — «անդամ» եզրույթների տարաբնույթ մեկնաբանությունները, ամեն ինչ ավելի միարժեք է Սահմանադրական դատարանի նախագահի մասով, քանի որ այդ պաշտոնը թե՛ նախկին և թե՛ գործող օրենսդրությամբ կոչվել է բացարձակապես նույն կերպ:

Ինչ վերաբերում է ներկայում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին, ապա վերջինս ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, իսկ ՍԴ նախագահ՝ մարտի 21-ին: Այսինքն, Թովմասյանի վրա տարածվում է գործող Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածը, ըստ որի՝ ՍԴ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը (Թովմասյանի՝ 65 տարին լրանալը):

Այսպիսով, անգամ եթե ընդունենք, որ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» եզրույթները տարբեր պաշտոններ են նշանակում, ապա, միևնույնն է, միարժեք է «ՍԴ դատավոր» եզրույթը, և Սահմանադրության փոփոխությունը հիմք չէ կասկածի տակ դնելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու իրավաչափությունը:

www.Fip.am